Քաղաքական աղոթք
Այսօրվա Աստվածանչյան ընթերցումներն են Եսայի 45:17-25, Եփես. 3:14-4:13, որոնք կարող ենք կարդալ այստեղ: Հայաստանում շուտով Ազգային ժողովի պատգամավորական ընտրություններ են։ Ինչպես իրենք՝ ընտրական թեկնածուներն են սիրում ասել, ժողովուրդը պետք է ընտրի իր ապագան։ Այս խոսքի մեջ մեծ ճշմարտություն կա, հատկապես եթե հաշվի առնենք, որ սահմանադրորեն այլեւս պառլամենտական պետություն դառնալով՝ Հայաստանի Հանրապետության ապագա նախագահին (վարչապետի ձեւաչափով) պետք է ընտրի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը։
Սակայն ո՞ւմ պետք է ընտրի ժողովուրդը… Սկսված առնետավազքի մեջ կողմնորովելով կամ ոչ՝ ՀՀ հասարակ քաղաքացին արդեն քառորդ դար է կանգնած է միեւնույն կոտրված տաշտակի՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ առջեւ։ Արդարության պակասը սկսվում է նախընտրական պայքարով (սա առհասարակ հատուկ է քաղաքականության ոգուն) եւ շարունակվում ետընտրական տարիների ընթացքում։ Գիտե՞ք ինչու…
Որովհետեւ քրիստոնյա լինելով հույսներս կապում ենք միմիայն մարդկային գործոնի հետ եւ կարծես մոռանում Աստծո արդարության մասին։ Տեսեք, թե ինչ է ասում Տերը այսօրվա ընթրցվածի մեջ՝ «Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ”: Դարձէ՛ք ինձ մօտ եւ կփրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ: Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից, արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու: Աստծով պիտի արդարանայ եւ փառաւորուի ամէն մի սերունդ» (Եսայի 45:21-25)։
Սխալ չհասկանանք, սիրելիներ, ասելիքս այն չէ, թե իր ընտրական իրավունքն ու ազատ ձայնը մեկ կողմ դրած մարդիկ պիտի անգործ նստեն եւ միմիայն աղոթեն, սակայն եթե արդարություն ենք սպասում, ապա այն պետք է նախ Աստծո մոտ փնտերենք. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթ. 6:34)։
Եկեք այսօր միաբանենք մեր աղոթքները հանուն այս երկրի վրա եւ մեր հայրենիքի մեջ Աստծո արդարության, որպեսզի առաջիկա ընտրություններում հաղթի միայն արդարությունն ու ճշմարտությունը։ Ես հավատում եմ, որ եթե միավորենք մեր աղոթքները այս նպատակի համար, Աստված ավելիով կտա մեզ։ Աղոթենք Դավիթ Մարգարեի 4-րդ Սաղմոսով, որը կարող եք գտնել այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Աղբյուրը՝ sarkavagagirq.net