«Չի՛ կարելի շքեղ փաթաթաններով մեր վերքերը ծածկել ու թողել, որ նեխի» /տեսանյութ/
«Չի՛ կարելի շքեղ փաթաթաններով մեր վերքերը ծածկել ու թողել, որ մեր մարմինը նեխի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Այս օրերի ցավն ու հոգսը հաճախ նաև սիրով կիսող բանաստեղծը վստահ է, որ հայ մարդը միշտ հաղթելու է ու հայի ոգին անկոտրում է:
«Ես չեմ կարծում, որ մենք այնքան ենք ոչնչացել, որ մեր վերքերը բուժելու հնարավորություն չունենք , ունենք, պարզապես պետք է հնչեցնենք ցավոտ տեղերի մասին, որպիսի կարողանանք դրանք ապաքինել: Նրանք , ովքեր կարծում են հնարավոր չէ ու մահախոսական են հնչեցրել արդեն իրենց մտքում, ուղեղում, ապա չարաչար սխալվում են»,-նշեց բանաստեղծը:
Խաչիկ Մանուկյանը իր ժամանակի կենսագիրն է ու չի ցանկանում լուրջ վրիպումներ թույլ տալ:
Խաչիկ Մանուկյանը մոտ 20 գրքերի հեղինակ է (հաշիվը հստակ չի հիշում): Մարտի 17-ին Երևանի Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում կկայանա նրա երկու նոր գրքերի շնորհանդեսը՝ «Եթերային ապարանք» և «Փոքրիկ զորավարը»:
«Երկրի վրա ապարանք չկարողացա ստեղծել , մտածեցի այն սարքել եթերում: Համենայնդեպս եթերային ապարանքը ավելի երկար կյանք է ունենալու, քան երկրի վրա կառուցված ապարանքը»,-ժպտում է բանաստեղծը:
Խաչիկ Մանուկյանի ինքնատիպ աշխարհում ամենակարևոր անկյունը տրված է հույսին ու լավատեսությանը:
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,
Ոտքիս տակ հողն է դառնում անանուն,
Մարդիկ՝ անհաղորդ ու անկարեկից:
Օտարոտվել ենք,
Էլ չենք հասկանում
Ստով բեռնված քայքայվող լեզուն,
Եվ ատելությամբ իրար են նայում
Լքված մշակ ու բտված անասուն:
Հույս, հավատ ու սեր տանո՛ւլ տվեցի
Խեղկատակների տոնահանդեսում,
Էլ չեն սպասում իմ վերադարձին
Եվ հրաժեշտի խոսքեր են ասում,
Բայց ես ամո՛ւր եմ կանգնել իմ տեղում՝
Խորշակների դեմ՝ անպա՛րտ ու անբի՛ծ,
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չե՛մ հե-ռա-նում իմ Հայրենիքից:
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: