Մոլդովայի խորհրդարանում քննարկվել է Աուրելիա Գրիգորիուի հարցը
Մոլդովայի խորհրդարանում տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ միջէթնիկական հարցերի հանձնախմբի նիստը, որի ընթացքում քննարկվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հարցը: Օմբուդսմենի պաշտոնից նրան զրկելու հավանականությունը հնարավոր չի համարվել, գրում է “APA”-ն: Գրիգորիուն այդ նիստին ներկա չի գտնվել:
Խորհրդարանական փաստաբան եւ մարդու իրավունքների կենտորնի տնօրեն Անատոլի Մունտյանուն հայտնել է, որ Գրիգորիուն չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: “Մենք մոտիվացված բացատրություններ չենք ստացել: Ես կարող եմ նրա չներկայանալը գնահատել միայն որպես անձնական վերաբերմունք”,-նշել է նա:
Հանձնախումբն այս հարցի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել: Հանձնախմբի անդամները հայտարարել են, որ խորհրդարանը դժվար թե հասցնի այդ հարցը քննարկել, քանի որ այսօր` հուլիսի 12-ին կկայանա օրենսդիր մարմնի գարնանային-ամառային նստաշրջանի վերջին նիստը: Պատգամավորները նշել են, որ Գրիգորուի մանդատն ավարտվում է այս տարվա աշնանը:
Նշենք, որ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիանո Գրիգորիուն ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ “Հայաստանն իբր թե օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ ցեղասպանություն է կատարել խաղաղ բնակիչների դեմ”: