Սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է. Վիգեն Սարգսյան
«Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի պարբերական խախտումներին:
«Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որեւէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց»,- ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով, պետք չէ հավատալ ադրբեջանական ապատեղեկատվությանն ու հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում իրավիճակին անհրաժեշտ է հետեւել ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով, քանի որ ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում, ամեն անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե՛ խախտումների քանակը, թե՛ կիրառված միջոցները։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ փետրվարի 10-ին եղել է Տավուշի մարզում, հանդիպել սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Նոյեմբերյանի գնդի անձնակազմի հետ. «Պետք է ասեմ, որ մեծ ոգեւորություն եւ հպարտություն ես զգում` շփվելով թե սահմանին ապրող մեր հայրենակիցների հետ, թե մեր զինվորների հետ, ովքեր այս տարիների ընթացքում ուղղակի փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ եւ համոզվածությամբ»: