Պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները. վարչապետը` Մեդվեդևին (ֆոտո)
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի Կարեն Վիլհելմի,
սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումների սերտացմանը:
Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում եմ հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքում ասել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի և մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի:
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար, և ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ:
Ավանդաբար մեր՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է: Ինչպես Դուք արդեն նշեցիք, վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյուկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ես նույնպես վստահ եմ, որ կառուցողական զրույց է լինելու: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»:
Աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր: