«Ակնկալում ենք հասցեական գնահատականներ․ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որն այս տարվա վերջին նիստն է։
Նիստից հետո ՝ լրագրողների հետ ճեպազույցի ընթացքում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաղքական ու արտաքին քաղաքական հարցեր, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը առաջնագծում, Տավուշի մարզում։
«Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Չինարի գյուղի շրջակայքում իրականացրել է դիվերսիոն գործունեություն, որի արդյունքում մեր ԶՈՒ-ն տվել է երեք զոհ։ Ե՛վ իմ, և՛ կուսակցության անունից ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին։ Ադրբեջանի իրականացրած այս դիվերսիոն, ահաբեկչական գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝ Ադրբեջանը վարում է մի քաղաքականություն, որ միտված է ոչ թե խաղաղության ամրապնդմանն, այլ ապակառուցողականությանը։ Սա մարտահրավեր է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը», – նշեց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովն ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի իրականացրած գործողությունները։
«Այս դիվերիսիայի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղակական ղեկավարությունը։ Տեղյակ եք, որ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես է եղել դատապարտող հայտարարությամբ։ Մենք գտնում ենք, որ այդ հայտարարությունը դրական է այն առումով, որ պարոն Բորդյուժան հստակ նշում է՝ Ադրբեջանի իրականացրած գործունեությունը սադրանք է։ Արդեն օպերատիվ, հասցեական գնահատականը դրական է, և երրորդ՝ Բորդյուժայի հայտարարության մեջ, որը նաև ՀԱՊԿ պաշտոնական կայքում է տեղադրվել, խոսելով ԼՂ-ի մասին՝ նա նշում է ԼՂՀ եզրույթը։ Չեմ կարծում, որ դա վրիպակ է։ Այդպիսի լուրջ կազմակերպությունն իր կայքում այդպիսի վրիպակներ թույլ չի տալիս, այն էլ գլխավոր քարտուղարի անունից։ Սա խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր», – նշեց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ կան հստակ փաստեր, որոնք ապացուցում են՝ դիվերսիայի հեղինակն Ադրբեջանն է։
«Ադրբեջանի հատուկ ջոկատայինների դին գտնվում է ՀՀ տարածքում։ Դա անհերքելի ապացույց է։ Միսնկի խմբի համանախագահներից ականկալում ենք հասցեական գնահատականներ։ Ժամանակն է իրենը կոչել իրենց անուններով։ ՄԽ համանախագահներից ակնկալում ենք հասցեական գնահատականներ․ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին», – նշեց Շարմազանովը։