24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում Նոր տարի, եթե մեր մեջ ոչինչ չի փոխվելու

«․․ՏԵՐՆ Է ԼՈՒՅՍՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ, Ո՞ՒՄԻՑ ՎԱԽԵՆԱՄ․ ՏԵՐՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՎԵՆՆ Է, Ո՞ՒՄԻՑ ԵՍ ԴՈՂԱՄ» (ՍԱՂՄ․ 26:1):

2016 թվականը անցավ պատմության գիրկը: Մեր բարձրաստիճան հոգևորականներից մեկն ասում է․

«Տարեվերջի գիշերն է։ Կես գիշերվա խավար ժամին լսվում են զանգակների 12 հարվածները․ նրանք չեն հնչում սովորական զանգի նման, այլ խորհրդավոր և տխուր՝ նման մահազանգի, որ ճանապարհում է մեռյալին դեպի գերեզման։ Այդ զանգերը երեկ էլ տարան մի մեռյալի։ Հին տարին էր այդ մեռյալը․ որ իջնում էր գերեզման՝ տանելով յուր հետ շատերի ցավերն ու վշտերը, ինչպես և այլոց ուրախությունը․ շատերի փառքն ու պատիվը, ինչպես և այլոց անարգանքը։

Սակայն այդ մեռյալը նման չէ սովորական մեռյալներին․ նա մեռնում է հարություն առնելու համար՝ նման ցորենի հատիկի, որ ընկնելով հողի կրծի մեջ՝ մեռնում է նոր կյանքի ծնունդ տալու համար։ Այսպես նաև մեռավ հին տարին՝ ծնունդ տալով նոր տարուն․․․ Նոր տարին երկու երես ունի․ մեկը՝ դարձած է դեպի հետ՝ դեպի անցյալը, մյուսը՝ դեպի առաջ, դեպի ապագան» (Գևորգ Եպիսկոպոս, 1971, «Քարոզներ»)։

Փիլիսոփաներից մեկն ասում է. «Ժամանակը մեզ տրված է հավիտենականության մասին մտածելու և այն ինք¬նին կարճ պիտի գա զղջալու մեր կորստի վրա, եթե այն իզուր վատնենք»: Արդ, հարց է ծագում. «Անցնող, անվերադարձ ժամանակի ի՞նչն է մնայուն»: Մեր Տերը պատասխանում է. «Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել» (Հովհ․9:4):

Մեր Փրկչի այս խոսքը հստակ կերպով ցույց է տալիս, թե մենք պիտի կատարենք Աստծու գործերը այս աշխարհի վրա սահմանված կյանքի տևողության ընթացքին: Աստված օրը ստեղծել է. որպեսզի մարդը աշխատի, իսկ գիշերը տրված է նրա հանգստության համար: Իզուր չանցկացնենք ժամանակը և մեր օրերը լցնենք բարի գործերով:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցն ասում է.

«Քրիստոնեության համար աշխատանքը նվիրական գաղափար է և ծուլությունը մահացու մեղքերից մեկը։ Քրիստոնյա մարդու կյանքի սկզբունքներից մեկը պետք է լինի աշխատանքի գաղափարը։ Գործն է կյանքի և շարժման նշանը։ Բայց ոչ ամենայն գործ, որ շարժում է, կյանք է։ Կան գործեր, որ ոչ թե հավիտենական բարիք, այլ չարիք են ծնում, Փրկչի պահանջված գործերը հոգևոր կյանքի՝ լուսո գաղափարի հաղթության գործերն են, որոնք, միմյանց հաջորդելով, մարդկային կյանքի մեջ հոգևոր նոր տարիներ և շրջաններ են առաջ բերում, այսինքն՝ Աստծուն հաճելի գործ․․․» (Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանց, «Դեպի Լույս և Կյանք», էջ 16):

Ի՞նչ է նշանակում Նոր տարի, եթե մեր մեջ ոչինչ չի փոխվելու։ Այդ պարագային փոխվում է միայն թվականը, հինը դառնում է նոր։ Նոր Տարին արժեք է ստանում Հիսուս Մանուկի Սուրբ Ծնունդով։ Այլապես այն ոչ մի կարևորություն չի կարող ունենալ մեր կյանքում։ Հինը պիտի փոխվի նորով իրական կյանքում ունեցած մեր թերությունների փոփոխությամբ ու սխալների ուղղումով։ Ահա թե ի՞նչ է ասում Պողոս Առաքյալը Եփեսացիներին ուղղած Իր թղթում. «Հեռու վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով… նորոգվեցե’ք ձեր մտքով և հո¬գով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-23):

Մեր կյանքի օրինակով մեր երեխաներին ցույց տանք Հավատի, Հույսի և Սիրո ճանապարհը, մի խոսքով՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ճանապարհը։ Այլապես, մեր առջև բացվող նոր տարեշրջանը մի քայլ ևս կհեռացնի մեզ` մեր Մայրենի Լեզվից, մեր Հավատից և հավերժական լույսի ու հույսի աղբյուրը հանդիսացող Սուրբ Էջմիածնից և Մայր Հողից:

Իմ քարոզը վերջացնում եմ Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսի խոսքերով․ «Թող գան ու անցնին տարիները, մենք լուռ ու մունջ կբաժանվենք նրանցից։ Բայց մենք նկատենք ցանկալի կրոնական-հոգևոր կյանքի արշալույսի նշանները․ այն ժամանակ միայն կզգանք, որ ժամանակը իզուր չենք կորցրել և ցնծության աղաղակներով կգոչենք․»ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ» (նույնը էջ 17):

Եկեք հետևենք մեր Հայրապետի խրատին ու միասին ուրախությամբ բացականչենք՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: ԱՄԵՆ:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ