«Թղթի վրա գրում եմ երազանքս ու այն թաքցնում տոնածառի ճյուղերի արանքում»
Դերասան Արամ Ավետիսյանը, ով հանրությանն առավել հայտնի դարձավ Յագոյի կերպարով՝ «Քարե Դարդ» հայկական սիթքոմում, կարծում է՝ հարկավոր է Ամանորը նշել տանը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում:
«Կարծում եմ՝ դա այնպիսի տոն է, որ մարդ պիտի այն նշի իր ընտանիքի հետ: Երբևէ չի եղել այնպես, որ Ամանորն արտերկրում նշեմ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արամը:
«Ամեն տարի մեծ սիրով եմ սպասում այս տոնին: Ավելին, այս տոնն ինձ համար ամենալավն է: Գոնե մի քանի օր մարդիկ ժպտում են: Պետք է ասեմ՝ սովորաբար տոնածառը զարդարում եմ Ամանորից մոտավորապես հինգ օր առաջ: Մի հետաքրքիր բան եմ անում. թղթի վրա գրում եմ իմ երազանքը ու այն թաքցնում տոնածառի ճյուղերի արանքում, որպեսզի իմ երազանքը կատարվի: Ամեն դեպքում, ես հավատում եմ դրան», – նշեց Արամը:
Դերասանը նշեց՝ իր համար ամենահիշարժան Ամանորը եղել է այն ժամանակ, երբ ինքը դեռ 10-11 տարեկան էր:
«Այդ ժամանակ ես ուզում էի համակարգիչ ունենալ: Բնականաբար, Ձմեռ պապին խնդրեցի, որ ինձ համար համակարգիչ բերի: Ու ես ստացա այդ բաղձալի նվերը», – նշեց Արամը:
Հարցազրույցի վերջում Արամն իր բարեմաղթանքը հղեց ողջ հայությանը՝ ցանկանալով, որ բոլորը լինեն առողջ և որ իրականանան բոլորի բարի ու գեղեցիկ երազանքները:
«Իսկ ամենակարևոր մաղթանքս այն է, որ մեր երկրում տիրի խաղաղություն, և թող Հայաստան աշխարհում երբեք պատերազմներ չլինեն», – եզրափակեց դերասանը: