Ստամբուլում ծեծի է ենթարկվել եւ ձերբակալվել ռուս լրագրող
Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ծեծել եւ ձերբակալել են Ստամբուլում: Ռուսական հյուպատոսությունը ներկայումս փորձում է ազատել նրան, չի բացառվում, որ նրան կարտաքսեն, հաղորդում է “Эхо Москвы”-ն:
Արկադի Բաբչենկոյին ձերբակալել են նախօրեին Թաքսիմ հրապարակում, որտեղ չեն դադարում բողոքի ակցիաները: Նրան ոստիկաններ են մոտեցել եւ արգելել լուսանկարել` խլելով նրա ձեռքից ֆոտոխցիկը: Այնուհետեւ Բաբչենկոյին հեռու են տարել եւ իր իսկ խոսքով` ոտքերով հարվածել են իրեն: Արդյունքում`լրագրողին հիվանդանոց են տեղափոխել, իսկ այնուհետեւ ոստիկանական բաժանմունք:
Ռուսական հյուպատոսությունում հայտնել են, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են ձերբակալության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ: Հյուպատոսի խոսքով` Բաբչենկոյի մոտ Թուրքիայում լրագրողական գործունեություն ծավալելու թույլտվություն: Նա երկիր է ժամանել որպես զբոսաշրջիկ: Օրենքը խախտելու համար նրան կարող են արտաքսել երկրից: