«Ինչ անակնկալ եղավ ընձի». Հայկական Ժամանակ
Գյումրու 221, 223,228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծաոուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասել են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել: «Զանգին ինձ, ասեցին Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, դու անպայման պտի մասնակցես, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի. ասի` մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս կոպիտ դուրս արեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե. իրանց մարդ էր պետք մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասել է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասածը: «Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ կտան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:
Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետեւից հասել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ: Armtimes.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չի դադարել: Վերջիններս հայտարարել են, որ ամեն օր են գալու: «Խոսք են տվե, ըսել են՝ արեք, գրանցվեք, փող կուդանք հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշել են կուսակցության գրասենյակում հավաքված անձինք: Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գումարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:
Վերջինս Armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանել է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ընտանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասել է Վարդեւան Գրիգորյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: