Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բանաձևն ընդունվել է 479 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը:
Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները:
Որոշման մեջ նշվում է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները հնարավոր կլինի վերսկսել, երբ Թուրքիայում վերացվի արտակարգ դրությունը: Միաժամանակ նշվում է, որ թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵԽ-ն խստորեն դատապարտում են հեղաշրջման փորձը և օրինական են համարում հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու իշխանությունների օրինական իրավունքը:
Նշենք, որ եվրախորհուրդն Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները կասեցնելու կամ սառեցնելու իրավասություն չունի, նրա ընդունած բանաձևն ընդամենը քաղաքական ուղերձ է ՝ հղված Եվրամիության ղեկավարության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ղեկավարներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Թուրքիա-ԵՄ բանակցությունները հարցը կլինի դեկտեմբերին կայանալիք ԵՄ ղեկավարների վեհաժողովի օրակարգում: