Նրանք այդ իրավունքը չպիտի ունենան. պատգամավոր
«Եթե կուսակցական ես, նշանակում է գաղափարախոսությունը կիսում ես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցի ղեկավարներն իրավունք չունեին լինել կուսակցական, նույնիսկ եթե նախկինում եղել են կուսակցական, առնվազն պարտավոր էին դադարեցնել դա: «Հիմա, սակայն, չի գործում այդ օրենքը:
Գտնում եմ՝ անթույլատրելի է, որ առնվազն ուժային կառույցների ղեկավարները կուսակցական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենան, որովհետև, եթե կուսակցականացվում ես, ապա այդ պարագայում պետք է զբաղվես նաև կուսակցական աշխատանքով: Բայց կոնկրետ բանակաշինությունը որևէ աղերս չունի կուսակցությունների և կուսակցաշինությունների հետ»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը: