30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Բյուջեի ծավալներն իսկապես համեստ են»

ԱԺ-ում քննարկվում է 2017թ. բյուջեի նախագիծը:  Իր ելույթի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շեշտեց՝ բյուջեի  ծավալներն իսկապես համեստ են, բայց շատ բան կարելի է փոշիացնել ապաշնորհ վարչարարության ու մսխումների պարագայում, իսկ որակյալ ու հմուտ կառավարման դեպքում քիչ ռեսուրսներով էլ կարելի է լավ արդյունքների հասնել:

«Վստահ ենք, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է` հասնելու այնպիսի խնդիրների լուծման, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան կամք և կառավարման արդյունավետություն: Կարևորում ենք կառավարության կողմից չափելի միջոցառումների, ծրագրերի իրականացումը` բյուջետային ծրագրավորման ներդրումը, կառավարման համակարգի օպտիմալացումը, ծախսերի սահմանափակումը, ավելորդ հիմնարկների կրճատումը, քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին հասանելի վարկավորում ապահովելը, կեղեքիչ վարչարարության վերացումը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Վերջինս  կարևորեց քաղաքացիների եկամուտների հետևողական ավելացմանն ու գնողունակ խավի ընդլայնմանն ուղղված սոցիալական քաղաքականությունը, համայնքների ֆինանսաբյուջետային անկախության բարձրացմանը միտված ժամանակակից և արդիական տարածքային կառավարումն ու  տեղական ինքնակառավարումը, արդար մրցակցային պայմանների ստեղծմամբ ձեռնարկատիրության` կապանքներից ազատումը, գործարար շրջանակների հետ համագործակցությունը և նրանց համար կանխատեսելի և ընդունելի տնտեսական միջավայրի ձևավորումը, ներդրումների խրախուսումը և արտահանման խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության վստահությունը վայելող հակակոռուպցիոն համակարգի հաստատումը:

«Այս գործողությունները լուրջ ծախսեր չեն պահանջում, բայց մենք վստահ ենք, որ այս գործողությունները, ընթացքի մեջ դնելով, հետևողականորեն այս ուղղությամբ քայլեր կատարելով, տարեցտարի կմեծացնենք մեր բյուջետային հնարավորությունները: Տնտեսական աճի այն ցուցանիշը, որն ամրագրել է կառավարությունը, բավական պահպանողական է, բայց համոզված ենք, որ, այս գործընթացներն իրականացնելով, տարածաշրջանային և ներքին կայունության պամաններում տնտեսական աճն ավելի բարձր կարող է լինել: Պարզապես կառավարությանը կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու 2017-ի բյուջեի նախագծին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ