Փրկարարները կոյուղուց դուրս են բերել նորածնին /վիդեո/
Չինաստանում փրկարարները զուգարանի ջրատար խողովակից հանել են նորածին երեխային: Այն մասին, որ խողովակի ներսում երեխա կա, փրկարար ծառայությանը հայտնել են տեղի բնակիչները, գրում է բրիտանական “Express”-ը:
Երեային փրկելու համար նրանք կտրել են խողովակի մի մասը եւ այն տարել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն զգուշորեն հանել են երեխային: Խողովակը, որում հայտնվել է երեխան, 10 սմ տրամագիծ է ունեցել: Նորածինն այնտեղ մնացել է առնվազն 2 ժամ:
Ոստիկանությունը գործի հետաքննության արդյունքում պարզել է, որ երեխայի մայրը եղել է բնակիչների հետ, ովքեր 2 ժամ շարունակ դիտել են նորածնին փրկելու գործընթացը, ընդ որում` նա նույնիսկ չի էլ ակնարկել, որ դա իր որդին է: Ավելի ուշ իրավապահ մարմինների հետ խոսելիս նա խոստովանել է, որ ցանկացել է ազատվել երեխայից, քանի որ ամուսնացած չի եղել: Քանի որ նա միջոցներ չի ունեցել աբորտ անելու համար, երեխային նետել է զուգարանակոնքը, սակայն տեսնելով, որ նա խրվել է խողովակի մեջ, այդ մասին պատմել է հարեւաններին: Վերջիններս զարմացել են, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ նա հղի է: