Ռուս զբոսաշրջիկներին ղարաբաղյան խնդիրը չի խանգարի
Ազգային ժողովում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որի օրակարագում ընդգրկված էին զբոսաշրջության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Նիստից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը ասուլիսով հանդես գան: Նախ հայտնեցին, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է զբոսաշրջության աճ, և հատկապես ՌԴ-ից նկատվում է զբոսաշրջիկների քանակի աճ։
«Որքան էլ մենք այսօր ունենք զբոսաշրջության աճ, այնուամենայնիվ, մեր ներուժը շատ ավելի մեծ է, և մենք պարտավոր ենք ընդլայնել զբոսաշրջության ոլորտներն ու ծավալները։ Այդպիսով մենք կունենանք մեծ ներդրում տնտեսության զարգացման գործում»-ասաց Հերմինե Նաղդալյանը։ Նիկոլայ Ռիժկովն էլ ընդգծեց, որ քննարկումը բավականին հետաքրքիր էր, քանի որ 18 տարվա ընթացքում նիստերի ժամանակ առաջին անգամ քննարկվեցին մշակույթին և զբոսաշրջությանն առնչվող հարցեր։
Դիտարկմանը, թե արդյոք չկա մտավախություն, որ սահմանային լարվածությունը կդառնա խոչընդոտ ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցի համար, Ն. Ռիժկովն արձագանքեց.«Չեմ կարծում, որ այստեղ լուրջ խոչընդոտներ կան»։ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց. «Քննարկման ընթացքում մեր գործընեկերներն անդրադարձան երկրի ներսի անվտանգության խնդրին։ Չնայած սահամանային իրավիճակին Հայաստանն իր ներքին անվտանգությամբ զբոսաշրջիկների համար շատ գրավիչ, ընդունելի և առավելապես անվտանգ երկիր է համարվում։ Անգամ ՌԴ խոշորագույն այնպիսի քաղաքներն, ինչպես Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և մնացածը այդ իմաստով բավականին անհանգստություններ առաջացնում են, իսկ Հայաստանը, Երևանը, և մեր մյուս քաղաքները՝ ոչ»։