“Եվրատեսիլ”-ի հաղթողը խոստովանել է, որ խաբել է հանդիսատեսին /վիդեո/
Բուքմեյքերների կանխատեսումները չխաբեցին` շվեդական Մալմո քաղաքում տեղի ունեցած “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթում հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը: Երիտասարդ երգչուհին յոթերորդ երկնքում է երջանկությունից, սակայն, պարզվում է, որ նա ինքնակոչ է. երգչուհին ստել է հանդիսատեսին` հորինելով թագուհի նախատատերրի մասին գեղեցիկ հեքիաթը:
Բազմաթիվ ԶԼՄ-ներ նախքան մրցույթը հայտնել էին, որ դանիացի Էմիլի դե Ֆորեստը անգլիական թագուհու հետ հեռավոր բարեկմաներ են: Երգչուհին ինքն էլ պատմել էր, որ ինքը բրիտանական Վիկտորյա թագուհու ծոռնուհին է` Էդուարդ 7-րդի գծով:
Նա հավելել էր, որ իր ընտանքիը երբեք էլ չի թաքցրել այդ փաստը: Սակայն պարզվել է, որ աղջկա թագավորական ծագումը պարզապես PR-քայլ է եղել: Դանիացի լրագրողները պարզել են, որ նա հորինել է այդ պատմությունը հանդիսատեսի սրտերը գրավելու համար:
Մրցույթից հետո երգչուհին խոստովանել է, որ բրիտանական թագուհու հետ որեւէ բարեկամական կապ էլ չկա: “Թագավորական ծագման մասին պատմությունն ինձ հետաքրքիր թվաց, սակայն ես դրան երբեք էլ հատուկ նշանակություն չեմ տվել: Ոչ ոք դրա մասին այլեւս ոչինչ չի լսի, ավելի լավ է կենտրոնանալ երաժշտության վրա”,-հայտարարել է Էմիլին:
2-րդ տեղում էր ադրբեջանցի Ֆարիդ Մամեդովը, ում ելույթի համար մեծ ջանքեր էր ներդրել ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը` տրամադրելով իր խմբի լավագույն պարողին ադրբեջանցի երիտասարդի ելույթի համար, դառնալով նրա երգի համահեղինակը, ինչպես նաեւ օգնելով ելույթի ընդհանուր պատրաստամանը: Նա նույնիսկ Շվեդիա էր մեկնել` Մամեդովին տեղում աջակցելու համար:
3-րդ տեղում այս տարի Ուկրաինայի ներկայացուցիչ Զլատա Օգնեւիչն էր: Լավագույն հնգյալում հայտնվեցին նաեւ Նորվեգիան եւ Ռուսաստանը:
Փշրված հույսերով “Եվրատեսիլը” լքողների շարքում էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը` 61-ամյա լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը: Չնայած իր ապրած փառքին եւ բազմաթիվ ձեռքբերումներին, Թայլերը հայտնվեց վերջին շարքերում, ինչպես եւ 2012-ին բրիտանական էստրադայի կենդանի լեգենդ Էնգելբերտ Համփերդինկը:
Հայաստանի ներկայացուցիչ “Դորինաս” խումբը հայտնվեց 18-րդ տեղում: Հիշեցնենք, որ խումբը մրցույթին ներկայանում էր “Lonely Planet” երգով, որի խոսքեր գրել էին խմբի տղաները երաժշտությունը`աշխարհահռչակ երաժիշտ, “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին: Սակայն հանդուրժողոական Եվրոպային մելոդիկ ռոքի հնչյուններն այս անգամ չգերեցին: Այնուամենայնիվ, տղաներն ի սկզբանե հայտարարել էին, որ ամենամեծ ակնկալիքը եզրափակիչում հայտնվելն է, ինչն էլ նրանք իրագործեցին փայլուն ելույթի շնորհիվ: