Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։
«Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ մենք չպետք է մոռանանք այդ տարածքում առկա հակամարտությունների մասին։ Եվ ես նկատի չունեմ միայն Ուկրաինան ու Ղրիմը, ես խոսում եմ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասին։
Մեր մայրցամաքում չպետք է լինեն «մոխրագույն գոտիներ» և «սև անցքեր»՝ մարդու իրավունքների քննության տեսակետից։ Այս առումով ԵԽԽՎ-ն հարթակի դեր է կատարում մեր ժամանակների առավել սուր հարցերի քննարկման համար։ Սա վայր է քննարկումների համար՝ հատկապես հակամարտությունների սրացման և խորացման ժամանակ»,- ասել է նա։