Եկավ հաշվետվության ժամը
Եկավ հաշվետվության ժամը … ներկայացնենք Աստծուն մեր տկարությունները:
Խորհենք այս երեկո հուսահատության մասին, որ ունենում ենք բոլորս` քրիստոնյա լինելով հանդերձ: Փորձենք ազատվել այս մեղքից, մեր աչքի առջև ունենալով մատնիչ Հուդային, որը անհուսությունից կախվեց և Պետրոսի ուրացումը, որը հույս ուներ, թե դառնորեն լացելով ներում կստանա: Հուսահատության վերաբերյալ մեր Տերը մի ճգնավորի խրատում է՝ ասելով.
«Մեղավորները` որոնք իմ մարդասիրությունից և քաղցրությունից հույսները կտրում են, ավելի խիստ են ինձ բարկացնում: Այդ մեղքն առավել աններելի է, քան թե նրանց գործած բոլոր չարություններն ու անօրենությունները միասին վերցրած: Որովհետև եթե մեկը վհատվում է, ակնհայտորեն արհամարհում է իմ մարդասիրությունը և անարդարացիորեն իր չարությունն ավելի մեծ է համարում, քան իմ ողորմությունն է ու բարերարությունը, որովհետև այսպիսի մեղքերով ծանրաբեռնված լինելով, ցավում է ոչ թե, որ Աստծուն է բարկացրել, այլ միայն այն բանի համար, որ անբուժելի է համարում իրեն հասած վնասը: Որովհետև եթե իսկապես զղջար, որ ինձ բարկացրել է և արհամարհել, ուստի և իմ ողորմությանը ճշմարտապես հուսացած կլիներ և նա իսկապես այն կգտներ, քանի որ անընդգրկելի և անսահման մեծ է իմ ողորմությունը, առավել քան համայն աշխարհի բոլոր անօրենությունները»: («Հայելի Վարուց»)
Դարձյալ աղոթենք, այս անգամ մեր հուսահատության համար: Աղոթքի կանգնելուց առաջ հիշենք, որ մեր պահապան հրեշտակը սպասում է, որ աղոթքը վերջացնենք, և այն հասցնի մեր Տիրոջը: Սա ևս հոգևոր վարժություն է մեզ համար. աղոթելիս սթափ լինել.
ԱՂՈԹՔ ՓՐԿՈՒԹՅԱՆ
Տե’ր Աստված, Հույսի և մխիթարության, գթության և փրկության, ողորմության և քավության, նորոգության, բժշկության և առողջության, լուսավորության և կենդանության, հարության և անմահության, որ մերձ ես համայն արարածների հեծություններին, ինձ էլ հիշի’ր, երբ գաս:
Ծովիկ Դավթյանի ֆեյսբուքյան հանրագրից