Բեսլանի դժոխքը․․․սարսափելի սեպտեմբերի մեկը՝ ականատեսների հիշողության մեջ /ֆոտո/
13 տարի առաջ սեպտեմբերի մեկն աղետալի էր Բեսլան քաղաքի համար։ Ահաբեկիչները տեղի համար մեկ դպրոցի վրա հարձակվեցին ու պատանդ վերցրին։ Արդյունքում 334 հոգի մահացան, որոնցից 186-ը երեխաներ էին․․․
13 տարի անց այդ սարսափելի ողբերգության ականատեսները չեն կարողանում մոռանալ ամբողջ սարսափը, որ ապրեցին։
«Ողջ ընտանիքս այդ դպրոցում է սովորել, պապիկս 30 տարի դպրոցի տնօրենն է եղել։ Այդ օրն էլ առավոտ շուտ դպրոց էր գնացել, ես ու քույրս էլ պատրաստվեցինք ու գնացինք դպրոց»,- պատմում է այն ժամանակ 7-ամյա Սանետան։
Մեզ տարան դպրոցի մարզադահլիճ, ես միայն մտածում էի, թե ուր են պապիկս ու քույրս, ու հանկարծ տեսա մայրիկիս։ Երբ մոտեցա նրան, քույրս արդեն նրա հետ էր։ Պապիկս 89 տարեկան էր, անգամ ահաբեկիչները նրան թույլ տվեցին հեռանալ, բայց նա չհամաձայնվեց։ Այդ գիշեր ոչ մեկս չքնեցինք․․․Առավոտյան ավելի դժվար էր։ Ծարավ էինք, քաղցած, նախօրեին կերել էինք ծաղիկները, որոնք աշակերտները բերել էին։ Ուսուցչուհիներից մեկը՝ Զիֆան, նորածին երեխա ուներ, որը տանն էր, նա մեզ կրծքի կաթ տվեց, ինձ ու Ամինային։ Ամաչում էի, բայց խմեցի․․․ Այդ օրվանից նա դարձավ իմ երկրորդ մայրը։ Ահաբեկիչները կրակում էին, գոռում․․․ ժամանակի զգացողությունը կանգ էր առել։ Ես միայն ջրի մասին էի երազում, մի շիշ ջրի։ Հետո ոչինչ չեմ հիշում, վազվզում էին, աղմուկ էր, հետո համազգեստով տղամարդիկ էին, մի քնաի տղամարդ վազեցին ներս, մեկը հայրս էր, գոռացի ու գիրկն ընկա»։
Սանետայի ու մյուսների համար դժոխքն ավարտվել էր, մայրն ու քույրն էլ գտնվեցին, իսկ ահա պապիկը մահացել էր։ Նա պայթել էր ռումբի վրա։
«Մինչ օրս մեղքի զգացում ունեմ, որ ես ողջ մնացի, իսկ շատերը՝ ոչ։ Բայց մտածում եմ՝ եթե ողջ մնացի, ուրեմն պետք է ապրել։ Այդ օրվանից մի կարեւոր սովորություն եմ ձեռք բերել, ուր էլ լինեմ, մի շիշ ջուր անպայման ինձ հետ եմ վերցնում․․․ թող լինի», – ասում է նա։