Երեւանում ռազմական շքերթ կլինի. Հայկական Ժամանակ
ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը նշելով որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք շքերթ իրականացնելու անհրաժեշտություն չկա, նա պատասխանեց «Նման հարցերը որոշում են այլ մակարդակում, մեկնաբանելու բան չկա»:
Շքերթ իրականացնելու պարագայում, եթե 200 միլիոն դոլարանոց ռուսական վարկի շրջանակում ձեռքբերվելիք ռազմատեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում լինի, դրանք կցուցադրվեն հարցրինք նախարարի խոսնակին: «Ոչինչ չեմ կարող ասել: Սովորաբար շքերթների ժամանակ ՀՀ-ի սպառազինության, զենք- զինամթերթի որոշ տեսականին է ցուցադրվում, ոչ ամբողջը, բայց դա, էլի եմ ասում որոշվում է այլ հարթությունում»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով եթե շքերթ եղավ, ցուցադրվելիք սպառազինության տեսականին կախված կլինի նաեւ ռազմական գաղտնիությունից, եթե ռազմական գաղտնիության թույլատրելի սահմանում եղավ, ապա կցուցադրվի նախորդ շքերթներում ցուցադրված տեխնիկայից բացի նաեւ այլ տեխնիկա: Հիշեցնենք, ՀՀ-ում վերջին անգամ ռազմական շքերթ եղել է 2011 թվականին ՀՀ անկախության 20-ամյակին: Նախորդ զորահանդեսին մասնակցել են շուրջ 4 հազար զինվորականներ, իսկ Հանրապետության հրապարակով անցել է մոտ 300 միավոր զինտեխնիկա:
Ցուցադրվել են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության Տ-300 զենիթահրթիռային համալիրներ, «Точка У» տեսակի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, որոնք հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից էին, ցուցադրվել են նաեւ ՆԱՏՕ-ական դասակարգմամբ «Scud» տիպի ռուսական արտադրության հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է մինչեւ 300 կմ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նույն տարվա հունիսի 26-ին տեղի ունեցած շքերթին էլ մասնակցել է 6 հազար մարդ: Ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է Ռուսաստանից ստացված Տ-300 զենիթահրթիոային համալիրը, «Matador» եւ «Marauder» տեսակի հակատանկային տրանսպորտային միջոցները: Ցուցադրվել են նաեւ իսրայելական ընկերության հետ համատեղ արտադրված անօդաչու սարքեր, համազարկային կրակի 107 միլիմետրանոց ռեակտիվ համակարգեր եւ այլ տեխնիկա, Թուրքիայից գնված «Cobra» տեսակի զրահատեխնիկա:
Ռազմական շքերթի անցկացման մասին պաշտոնապես թերեւս հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, որ մեծամասշտաբ այսպիսի զորահանդես կազմակերպելն ու անցկացնելը ենթադրում է ֆինանսական լուրջ ծախսեր` մի քանի միլիոն դոլար: Մյուս կողմից, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո շքերթի անցկացումը ավելի է կարեւորվում:
Ընդ որում, շքերթի կազմակերպիչները պետք է ձգտեն ցուցադրել հնարավորինս արդիական եւ հնարավորինս ահեղ զինատեսակներ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: