06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիային անհրաժեշտ է հրաժարվել պատմության ընտրովի ընկալումից. Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում է

Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթի համար հերթագրվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որի հերթը չհասավ, սակայն քանի որ նա դահլիճում է եղել, ելույթի տեքստը կցվել է նիստի պաշտոնական արձանագրությանը, գրում է “Առավոտը”: Ելույթում մասնավորապես ասված է.

“Ես չեմ խոսի հայ-թուրքական արձանագրությունների կամ Ղարաբաղյան խնդրի, հայկական, ու թուրքական լոբբիների մասին… Այսօր ես ուզում եմ հիշել դարասկզբին Օսմանյան Թուրքիայի դպրոցներում սովորող երեխաների մասին: Երբ 1915 թվականին այդ մանուկներին տեղահան էին անում ու քշում Դեր Զորի անապատները, նրանք խաղալիքները թողած՝ կրծքներին սեղմած երկու մասունք էին տանում իրենց հետ՝ դասագրքերն ու Սուրբ գիրքը:

Որովհետեւ հավատում էին գրքի ու նաեւ դասագրքերի սրբությանը ու վստահ, թե որտեղ էլ տանի իրենց զրկանքներով ու տառապանքներով լի ուղին, հնարավոր կլինի շարունակել կյանքն ու ուսումը: Նրանցից շատերն այլեւս երբեք այդ գրքերը չբացեցին՝ մահացան սովից, զրկանքներից, գազազած խուժանի քարերից ու յաթաղաններից: Նրանց հաղորդակցումը գրի հավերժությանը, գրքին, անցյալին եւ բարուն ու չարին անավարտ մնաց:Անցյալից դասեր քաղելու ու սովորելու հնարավորություն կա իրադարձություններից թե՛ 10, թե՛ 100 տարի անց: Մնում է բացել մարդկային պատմությունների դասագիրքը ու սովորել: Բայց սովորել ճշմարիտ ու ազնիվ, անկողմնակալ եւ փաստերն ընդունել որպես իրականություն, աքսիոմա, այնպես ինչպես մեկին գումարած մեկն է, որ բոլոր դասագրքերում էլ երկուսի է հավասար:

Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ իր ելույթում գրել է երկու իրարամերժ Թուրքիաների մասին. “Ներկայիս Թուրքիայի պատմության եւ սոցիալական իրականության մասին գրողները ասես երկու իրարամերժ դասագրքերից են օգտվում, ասես երկու՝ իրար հետ որեւէ առնչություն չունեցող Թուրքիաների մասին են գրում: Առաջինն այն Թուրքիան է, որ Օրհան Փամուքինն է, Էլիֆ Շաֆաքինը, Թաներ Աքչամինը, Ֆաթմա Մյույե Գյոչեքինը, Մուրաթ Բելգեինը, Ռագիփ Զարաքոլուինը, ինչպես նաեւ այն մտավորականներինը, ովքեր չեն վախենում անցյալից, ընդունում են անցյալի սխալները եւ շարունակական ներողություն են հայցում հայ ժողովրդից ոչ անձամբ իրենց կատարածի համար:

Առաջինը նաեւ այն Թուրքիան է, որի քաղաքացիները ցնցվեցին 2007 թ. հունվարի 19-ին եւ դուրս եկան փողոց՝ գոռալու “Բոլորս Հրանտ Դինք ենք”, “Բոլորս հայ ենք”: Իսկ մյուսն այն Թուրքիան է, որն իր ժողովրդի անցյալում ոչ մի սեւ բիծ չի տեսնում, իսկ ներկայում էլ սեւ բիծ է համարում, որ Թուրքիայում այժմ ապրող մի քանի տասնյակ հազար հայերին չեն արտաքսում էթնիկ պատկանելության պատճառով, որ ցամաքային ճանապարհի հետ չեն փակել նաեւ օդայինը…

Այն մարդկանց Թուրքիան, ովքեր կարծում են, թե հնարավոր է հավերժ ապրել 100 տարվա կայսերական կարծրատիպերով, վախերով ու կասկածամտությամբ, այն Թուրքիան, որի պատմությունը ներկայացվում է բացառապես անսխալական ու անբիծ վերելքների ընթացք: Երկու թուրքիաներն ամենուր են, ամեն քայլափոխի, թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ամենուր հանդիպում են այն Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց պապերը 1915-ին, վտանգելով իրենց գոյությունը՝ փրկել ու ապաստան են տվել հային:

Նրանք հպարտ են իրենց պապերի արածով եւ ունեն դրա իրավունքը: Այդ իրավունքն ունեն նաեւ այն Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց տան բակերում դեռ շրջում է հայի ոգին, որոնց ընտանեկան հիշողություններում հայերը շարունակում են մնալ որպես հարեւան ու բարեկամ:

Ավելի ու ավելի սակավ է հանդիպում այն Թուրքիան, որի ներկայացուցիչների համար Թուրքիայի պատմությունն սկսվում է 1919 թ. մայիսի 19-ից, որոնց համար Թուրքիայում ապրող տասնյակ ինքնությունները գոյություն չունեն, այլ կա միայն մեկ, միատարր, թուրքերի Թուրքիան”:

Պարոն Հարությունյանը ելույթն ավարտել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերի մի առիթով ասված միտքի վերաձեւակերպմամբ ու հաստատմամբ. “Թուրքիային անհրաժեշտ է հրաժարվել պատմության ընտրովի ընկալումից եւ ընտրել ճշմարիտ պատմությունը”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ