Բուլղարիան հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր արտահանման գործընկեր երկիրը
Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 20,1% աճ, որը կազմել է 656,9 մլն. ամերիկյան դոլար: Այս ցուցանիշները ներկայացվել է ԱՎԾ-ի 2016 թվականի հունվար-մայիս ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ներակայացնող հրապարակման մեջ, որտեղից կներկայացնենք արտահանման վերաբերյալ մի քանի այլ ցուցանիշներ:
Այդ աճին հիմնականում նպաստել է դեպի Ռուսաստան արտահանումը, որտեղ արտահանումը այս տարվա ընթացքում աճել է ուղիղ 2 անգամ և կազմել է 132,3 մլն. դոլար: Մյուս կարևոր արտահանման գործընկեր երկրներից (որոնց տեսակարար կշիռը գերազանցում է 5%-ը) այդ աճին նպաստել են նաև՝ դեպի Բուլղարիա արտահանումը, որը աճել է 67,3%-ով, դեպի Վրաստան արտահանումը, որը աճել է 50,7%-ով, դեպի Իրաք արտահանումը, որը աճել է 20,7%-ով: Բացի այդ 6,4% -ով աճել է արտահանումը դեպի Կանադա և 5-ական %-ով նաև դեպի Իրան և Գերմանիա արտահանումը: Սակայն նվազել է դեպի Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Չինաստան արտահանման տեմպերը: Ի դեպ՝ Չինաստան արտահանումը նվազել է 52%-ով:
Դեպի ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման տեսակարար կշիռը կազմել է 28,8%, իսկ դեպի ԱՊՀ երկրներ՝ 22%: Ռուսաստանը հանդիսանում է ամենախոշոր արտահանման երկիրը, որը կազմել է ամբողջ արտահանման 20,1%-ը: Երկրորդ խոշոր արտահանման երկիրը դա Բուլղարիան է՝ 10% մասնաբաժնով, ապա հաջորդում են՝ Գերմանիան- 8,8%, Վրաստանը- 8,7%, Իրաքը- 8,5%, Կանադան -6,8%, Իրանը- 5,1% և Չինաստանը- 5% տեսակարար կշիռներով:
Նշենք, որ դեպի ԵՄ երկրներ (Բուլղարիա, Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդեր) և Չինաստան արտահանվող ապրանքներում գերակշռում են՝ հանքահումքային և մետալուրգիական արտադրանքները, դեպի Իրաք՝ ծխախոտի արտադրանքը, դեպի Ռուսաստան՝ պատրաստի սննդի արտադրատեսակներ և խմիչքեղենը, դեպի Կանադա՝ ոսկի, դեպի ԱՄՆ՝ ալյումինի փայլաթիթեղը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ էլեկտրաէներգիան:
Հայաստանից արտահանվող ապրանքների 56,2%-ը արտադրվում է Երևանում, իսկ 18,1%-ը Սյունիքում, որը հիմնականում հանքահումքային արտադրանքներ են:
Ըստ ապրանքային բաժիների, արտահանման 27,8%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը, ապա պատրաստի սննդի արտադրանքը, որը կազմել է՝ 21,7%-ը: Դրանց հաջորդում են՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 19,3% և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 13%-ը:
Արտահանման աճին ըստ ապրանքային բաժինների հիմնական նպաստը ունեցել է ոչ թե հանքահումքային արտադրանքը, որի արտահանման ծավալները ի դեպ ունեցել են 4,1% նվազում, այլ պատրաստի սննդի արտադրանքի աճը՝ 38,3% -ով, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերը, որը ունեցել է 81,8% աճ: Սակայն, անկում է ունեցել ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ 19,8% -ով: