Լոս Անջելեսում սկսել են տուգանել տանը ծխելու համար
Լոս Անջելեսի 100 եւ ավելի բնակիչ ունեցող հանրակացարանների բնակիչներին արգելել են ծխել տանը, վերելակում եւ հանրակացարանի ավտոմեքենաների կանգառում:
Արգելքը կապված է “Կյանքն առանց ծխելու” քաղաքային նախաձեռնության հետ: Բացի այդ, սահմանափակումը տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր ծխում են իրենց բնակարանի պատշգամբում կամ ավտոմեքենայի ներսում, որն այդ պահին կանգնած է շենքի բակում:
Հանրակացարանների բնակիչներին զգուշացում է ներկայացվել, որում առաջարկվում է նաեւ հավելյալ փաստաթուղթ` նորամուծության հետ համաձայնության դեպքում ստորագրելու համար: Նրանք, ովքեր կհրաժարվեն ստորագրել, տեղափոխվելու առաջարկ կստանան: Խախտում անողները կտուգանվեն 125 դոլարի չափով:
Նշենք, որ Ռուսաստանում եւս հունիսից ուժի մեջ կլինի հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը: Ծխախոտը կանհետանա խանութների ցուցափեղկերից: Հակածխախոտային օրենքն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: