Արցախի բանակի թիկունքային ապահովվածությունն ուշադրության կենտրոնում է
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից եւ նշում, որ վարչապետը կարևորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն կատարվի:
Քննարկելով հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են որոշ այլ հարցեր ևս, որոնք վերաբերում էին պաշտպանության բանակի թիկունքային աշխատանքներին: Վարչապետ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և վարչակազմերի ղեկավարներին՝ ընդունված որոշումների պատշաճ իրագործման նպատակով: