24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա

Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա, դրանից դուրս բոլոր նմանատիպ բաներ քարոզողները կեղծ են եւ սատանայական: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն… աշխարհը այսօր՝ թողած Քրիստոսին, սատանայի գիրկն է վազում իր կեղծ ու անմարդկային արժեքներով: Ժողովրդավարությու՞ն են ուզում, Քրիստոսից կատարյալ ժողովրդավար չկա՛:

Ողորմած Աստված ծնվեց Սուրբ Կույսից, մեծացավ եւ հասակ առավ ինչպես բոլոր մարդիկ, մտավ ժողովրդի մեջ, նրանց հոգսերը ընկալեց, ցավերը դարմանեց… Ասացեք խնդրեմ, սրանից առավել ժողովրդավարություն կա՞: «Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»:

Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»: Եւ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր: Եւ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչեւ փոքրերը: Եւ Հիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց.

«Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եւ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»: (Հովհ. 8; 3-11) Տերը չդատեց, բայցեւ պատվիրեց, որ այլեւս մեղքի մեջ չընկնի եւ նման բան չանի: Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, աշխարհը եղծում է այդ պատկերը, անճանաչելիորեն այլանդակում, հափշտակում, ոչնչացնում: Աստված Իր արարչության հոգատար Տերն է եւ խնամակալը, Իր զավակների սիրող եւ նվիրված Հայրը:

Աշխարհը մի անելանելի զնդան է ազատ ու երջանիկ ապրելու նպատակով ստեղծված մարդու համար, մի անբեկանելի դատավճիռ իրենք իրենց այդ զնդանին դատապարտածների համար: Բայց եթե մեկը կամենա ելնել այդ զնդանից, բանալին իր ձեռքերում է, եթե ինքնակամ չի հրաժարվել դրանից: Հայրենիքի կարոտը, վերադարձի փափագը, անգամ առանց բանալու, կարող են թույլ տալ ազատվել զնդանից՝ կոտրելով ճաղերն ու կողպեքը:

Աստված սիրում է մարդուն, սակայն ատում է նրան Իրենից բաժանող մեղքը, որը անդունդի նման ձգվում է իրենց միջեւ: Այդ անդունդը անէության ու չգոյության անհատակ անդունդն է, որի վրա Աստված գցեց իր սիրո կամուրջը՝ Խաչը, առանց որի Նրա կանչին արձագանքողները դատապարտված էին գլորման եւ կորստյան: Անօրինության որդին արդեն աշխարհում է եւ աշխարհը լցված է նրա թունավոր շնչով:

Այսօր ոտնատակ են տրվում աստվածադիր բարոյական օրենքները, շրջանցվում են եւ անտեսվում մարդկային օրենքները, կազմաքանդվում են անհատը, ընտանիքը, ազգը, պետությունը: Անօրինությունը հաստատվել է որպես միջազգային նորմ: Շատերը չեն հասկանում, թե ինչ սարսափելի ընկած վիճակում էր աշխարհը մինչեւ Քրիստոս, եւ՝ թե ինչ հականեխիչ աղ ու խավարը փարատող լույս եղավ քրիստոնեությունը աշխարհի համար:

Սակայն դա Քրիստոսին չճանաչող աշխարհն էր, իսկ հիմա աշխարհը մերժում է իրեն հայտնված Փրկչին եւ Նրա տված փրկությունը՝ հաշտությունը Հոր հետ: Անօրենի անունը հակաբուդդա կամ հակամուհամմեդ չէ, այլ Հակաքրիստոս է: «Լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը Նրան չնվաճեց»,- այս ավետիսով է սկսվում Հովհաննես աստվածաբան Ավետարանչի ավետարանը. խավարը Լույսին չնվաճեց:

Չի ասում՝ խավարը չի կարող նվաճել, կամ՝ չի կարողանալու նվաճել, կամ՝ չի նվաճելու, այլ որպես փաստ՝ չնվաճեց: Լույսը միշտ լուսավորում է հաղթության ճառագայթներով: Ի՞նչն է մարդուն անզգա դարձնում այդ ճառագայթների լույսի ու ջերմության դեմ. սեփական էության՝ խավարին հարազատ մասը կամ խավարի հարազատ մասը կազմող սեփական էությունը՝ նայած ախտահարության աստիճանին:

Եթե մարդը իր մեջ Լույսից մաս չունի, նրա համար Լույսը կլինի խորթ եւ օտար, անանհրաժեշտ, անգամ վտանգավոր: Աշխարհի զավակների համար տերության, իշխանության, ազատության ու ապահովության խորհրդանիշը ոսկե հորթն է՝ մամոնան, որ իսրայելացիները պատրաստեցին եգիպտական գողացված ոսկուց: Երբ իր պաշտամունքի առարկայի մեջ մարդը ներդրված է տեսնում իր համար թանկ ու կարեւոր իրողություններ, նա չի բաժանվի նրանից: Եթե մարդը Հիսուս Քրիստոսի անձի մեջ է տեսնում ամենաթանկն ու ամենակարեւորը, նա չի լքի իր պաշտելի Տիրոջը, քանզի այլընտրանք չկա Միակ Ճշմարտության համար:

Աշխարհի խաբեպատիր, ստվերային իրականության հետ մարդուն կապում են նրա ցանկությունները, եւ նրա կամքն է միայն, որ կարող է խզել այդ հիվանդագին, չհագեցնող, չբավարարող, ուժասպառ անող եւ սպանող կապը: Այդ կապը պաշտոնապես հաստատվեց Եկեղեցու եւ պետության ապահարզանից հետո:

Աստծո տիրությունը մերժելուց հետո սկսվեցին «ինքնիշխան» մարդու նոր կերպարի կերտման աշխատանքները: Նա առաջացավ կապկից, զրկվեց բանական հոգուց եւ նրա բնական պահանջները բավարարելու ձգտման իրավունքից, կապվեց իր համար միակ ընկալելի նյութական իրականությանը, դարձավ իր մարմնավոր ցանկությունների գերին եւ ապականող աշխարհի ստրուկը: Ժամանակակից մարդը այսպիսի «էվոլյուցիայի» ծնունդ է:

Բարոյականությունը եւ սրբությունը հոգեւոր իրողություններ են, հետեւաբար ավելորդ ու անարժեք են սեփական հոգու գոյությանը անտեղյակ ու գինը չիմացող մարմնավոր, նյութական արժեքներով մխիթարվող եւ դրանց հանդեպ կապվածությամբ ղեկավարվող էակների համար: Այդպիսի էակների ամբողջությանը՝ ամբոխին, կերակրելը եւ ղեկավարելը հեշտ է, պետք է ընդամենը թելադրել նրանց իրենց իսկ պահանջները եւ շտապել բավարարել դրանք:

Եւ շատ շուտով նրանք կպահանջեն սեփական կորուստը, կործանումն ու մահը, ինքնաբացարկ կհայտարարեն, ինքնաոչնչացում կվանկարկեն ու, կուրացած ինքնանպատակ տենչանքի մոլուցքից, կքայլեն դեպի անդունդը: Այդպիսի մարդիկ էին հետեւում Քրիստոսին Նրա կողմից բժշկություններից, հրաշքներից, մանավանդ հացի բազմացումից հետո: Այսօր էլ այդպիսի մարդկանց Հիսուս հորդորում է. «Գնացեք, այսուհետեւ, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»:

Այդպիսի մարդիկ են այսօր տոլերանտ վերաբերմունք պահանջում հասարակության ամեն տեսակ տականքների հանդեպ՝ առանց գաղափար անգամ ունենալու, թե ինչ է դա: Լսել են ու կրկնում են: Տոլերանտ վերաբերմունք. բժշկագիտական տերմինաբանության մեջ օգտագործվող հասկացություն է: Նշանակում է իմունային համակարգի՝ վնասակար մակաբույծների եւ օտարածին մարմինների նկատմամբ դիմադրողականության անկարողությունը:

Այս վիճակը ձեռք է բերվում թունավոր նյութերի հարատեւ ազդման միջոցով, որը բերում է իմունային համակարգի հյուծմանը եւ անկարող է դարձնում տարբերել օտարածին մարմինները եւ պայքարել դրանց դեմ: Իմունային համակարգի անտարբերություն: Ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական իմաստով դա կործանարար եւ վտանգավոր է: Այս ճանապարհով էլ մարդկանց մոտ «հայտնագործվում է» ՄԻԱՎ «վարակը» եւ սկսվում է «բուժումը»:

Հաճախակի վանկարկվող եւ չարաշահվող հաջորդ բառն է հանդուրժողականությունը: Հանդուրժողությունը նշանակում է համբերատարություն, ներողամտություն, զիջողություն, բարեհաճություն, ողորմածություն: Այս երեւույթը առողջ հասարակության մեջ մարդկային հարաբերություններում ապահովում է փոխզիջում, փոխօգնություն, սրտացավություն, հոգատար վերաբերմունք՝ օգնելու համար միմյանց ավելի կատարելագործվել.

«Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին եւ մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ» (Եփես. 4;1-4): Սակայն եթե այդ հասկացությունը դիտարկվում է որպես որեւէ վնասակար երեւույթի հանդեպ վտանգավոր անտարբերություն՝ գնահատելու, ընդունելու կամ հակազդելու անընդունակություն, բարոյապես անկյալ միջավայրում, ապա այն համարժեք է դառնում տոլերանտությանը:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N75

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ