23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են եզդիները խնձորով խփում հարսի գլխին

Եզդիների  ՄԱԷ երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ Ռոման Ավդոյանը նշում է, որ իրեն շատ են հարցնում ազգային հարսանիքի առանձնահատկությունների մասին:

Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում Ավդոյանը մանրամասնեց եզդի ազգի հարսանյաց արարողության խորհուրդները:

«Դարա Մրազա» -ն (Երջանկության Ծառ) օրհնում է. Կան շեխերի տարբեր տեսակներ, որոնցից մեկը Շեխե Դարա Մրազա-ն է: Դարա Մրազա հայերեն թարգմանաբար նշանակում է Երջանկության Ծառ: Բացատրությունն ինքնին հասկացնել է տալիս, որ այն կապված է բոլոր նորապսակ զույգերի հետ: Առաջներում, երբ փեսայի կողմի հարազատները գնում էին հարսի տուն՝ նրան բերելու, նախքան արարողությունը երաժշտության հովանու ներքո անցկացնելը, նորապսակները պարտադիր գնում էին շեխե Դարա Մրազա շեխի տուն, որպեսզի ստանային շեխի օրհնությունը: Այդ ավանդույթն այսօր բացակայում է եզդիների մեջ կամ հազվագյուտ հանդիպող է, քանի որ եզդիները ցրվել են աշխարհով մեկ, և շատ տեղերում չես գտնի այդ շեխերի ներկայացուցիչներին, որպեսզի այցելես նրանց օջախ (տուն) և ստանաս վերջինիս օրհնությունը:

Վերը նշված այս արարողակարգերը, չնայած 21-րդ դարում գրեթե մոռացության են մատնվել, սակայն շատ կարևոր են համարվում: Հարսանեկան ծիսակատարության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև զարդարված ծառի ճյուղը, որը պարեցնում է ազաբ եղբայրը (նրա ներկայությունը կարևորվում է): Մի քանի երիտասարդ՝ ազաբ եղբոր գլխավորությամբ գնում են ծիրանենու դաշտերից գողանում այդ ծառի ճյուղը, որից հետո բերում են փեսայի տուն և երեկոյան զարդարում տարբեր տեսակի մրգերով և այլ քաղցրավենիքներով: Կարևոր է նշել նաև, որ այդ ծառի ճյուղը չպետք է կտրվի ինչ-որ գործիքով՝ միայն համատեղ ուժ գործադրելով պետք է այն կոտրել: Այդ ճյուղի մեջտեղի հատվածում, ճյուղը ամբողջությամբ զարդարելուց հետո, կապվում է մի գունավոր կտոր (միայն՝ ոչ կապույտ):

Դրա նպատակն է, որ երբ առավոտյան ազաբ եղբայրը ճյուղը բոլոր հավաքվածների մեջ պարեցնում է, ամեն մեկը նորապսակներին երջանկություն մաղթելով՝ սրտի ցանկությամբ իրենց նվիրատվությունն են թողնում այդ կտորի մեջ: Եզդիների մեջ դեռևս պահպանվել է հայրական տանից օժիտ բերելու ավանդույթը: Դա դարերի խորքից եկած ավանդույթ է և նույնիսկ առկա է եղել հին հնդկացիների մեջ:

Օժիտի մեջ հատկապես կարևորվում է հարսի ընտանիքի կողմից պատրաստված և նորապսակներին նվիրած բարձը: Այդ բարձը խորհրդանշում է մինչև խոր ծերություն միասին մի բարձի ծերանալու իմաստը: Երբ նորապսակներն արդեն գալիս են փեսայի տուն, այնտեղ, նախքան տուն մտնելը, դրսում ավանդական դհոլ զուռնան է հնչում, և մինչ բոլոր մասնակիցները պարում են, այդ ընթացքում փեսան հարսին թողնում է ներքևում, իսկ ինքը բարձրանում է մի ինչ-որ բարձր տեղ, որտեղ արդեն գտնվում է ազաբ եղբայրը: Ազաբ եղբայրը, ներքևում գտնվողներից մեկի հետ պայմանավորվելով, այն բարձը, որ բերվել էր հարսի տանից, երեք անգամ գցում է ներքև իր ընկերոջը, ով իր հերթին նորից ետ է ուղարկում վերև, և այդպես երեք անգամ, իսկ վերջին երրորդը՝ ազաբ եղբայը բարձը բռնում է և իր մոտ պահում: Նշենք նաև, որ ամեն անգամ ներքևից բարձը վերև տալով՝ ազաբ եղբայրը այն բռնում է, խփում փեսայի գլխին, ապա նոր գցում ներքև, այդպես երեք անգամ: Այդ գեղեցիկ ծեսը անցկացնելուց հետո, փեսան իր ձեռքում գտնվող երեք կարմիր խնձորներով խփում է ներքևում գտնվող իր հարսնացուի գլխին (հիմնականում առաջին խնձորն է գցում հարսի ուղղությամբ, իսկ մնացած երկուսը այլ ուղղությամբ):

Խնձորով հարսին գլխին խփելու այդ արարողակարգը միշտ հետաքրքրել է այլազգներին, և նրանք դա դարձրել են կարծես լեգենդ: Մարդիկ այնքան են հիանում այդ ծիսակարգով, որ նույնիսկ լսելով եզդիների հարսանիք է ինչ-որ մի գյուղում (կամ քաղաքում), գալիս են այդ պահը տեսնելու։ Շատերը ասում են, թե հարսին խնձորով խփելը կապված է Ադամի և Եվայի դրախտից արտաքսման հետ:

Բայց՝ ոչ: Ըստ Շարֆադին կրոնի՝ Ադամին երբ դրախտից վտարում են, պատճառը խնձորը չէ, ցորեն են տալիս և դուրս հանում, իսկ խնձորով հարվածելու այս ծիսակարգը բնավ էլ կապ չունի այդ վարկածի հետ: Երբ փեսան խնձորով հարվածում է (հարվածելը չափազանցված է, ուղղակի վերևից ցած է գցում հարսի ուղղությամբ) հարսի գլխին, դա անում է, որպեսզի ամբոխի միջից բոլորին ցույց տա իր էակին: Ինչպես յուրաքանչյուր ազգի համար է, այնպես էլ եզդիների դեպքում հարսանյաց արարողությունը կատարվում է ըստ իրենց եզդիական ավանդույթի և սովորույթի: Հնում բավականին տարածված ավանդույթ էր, որ հարսանիքներին իգական սեռի ներկայացուցիչները ազգային տարազ հագնեին: Հարսանյաց արարողություններն անկացվում են միմիայն եզդիական երաժշտության ներքո, և պարում են մի շարք պարեր (հատկապես տարածված պար է յուրաքանչյուր հարսանիքում գովանդը, դանդաղ գովանդը (գովանդա գրան), թակ պարը, բշերին և այլն): Վերջում նշեմ նաև, որ առաջ (մինչև 90-ականները) փեսայի ծնողները հարսի համար գլխագին էին տալիս, որը կոչվում էր «կալըմ» (կամ կալեմ): Այժմ այդ ավանդույթը չի գործում, փոխարենը կա նմանատիպ մեկ այլ ավանդույթ, որը կոչվում է «հարեկրըն»: Հարեկրընը կարող է անցկացվել և՛ հարսանիքի ժամանակ հարսի տանը, և՛ նախքան հարսանիքը, երբ նշանադրությունն է տեղի ունենում:

Snapshot-34-300x16913059735_1539589073003542_2125754987_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ