Լիտվան` որպես ԵՄ նախագահող երկիր ուրախ է շարունակել համագործակցությունը ձեզ հետ.Լինաս Լինկյավիչյուս
Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Լինաս Լինկյավիչյուսն այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր:
Արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացնելով հանդիպման մանրամասները, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների արտգործնախարարների խորհրդարկցությունների անցկացման ինտենսիվությունը:
Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Լիտվայի երկկողմ հարաբերությունների մակարդակից, նշեց, որ միայն վերջին երեք տարում միայն Լիտվայի ԱԳ նախարարը վեց այցելութուն է ունեցել Հայաստան:
Կարեւորվեց նաեւ երկու տարի առաջ Լիտվայի նախագահի այցելությունը մեր երկիր: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախագահների մակարդակով հանդիպում կազամակերպել:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու երկրների համագործակցությունը միջազգային մակարդակում, ինչպես նաեւ իրավական, մշակութային, տնտեսական ու առեւտրային ոլորտներում:
Արտգործնախարարների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ու Լինաս Լինկյավիչյուսն այսօր կշարունակեն քննարկումները ԱԳ նախարարի պատվին տրվող ճաշի ժամանակ:
Իր հերթին Լիտվայի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց Հայաստան կատարած այցելությունից: Լինաս Լինկյավիչյուսը նշեց, որ տարեվերջին Լիտվան կստանձնի ԵՄ նախագահությունը:
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, նա նշեց, որ առաջընթաց է նկատվել ասոցացման եւ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերի, ինչպես նաեւ վիզաների դյուրացման գործընթացում:
Նա հույս հայտնեց, որ մինչեւ վիլնյուսյան գագաթաժողովն այս գործընթացը կավարտվի:
‘’Ընտրություններից հետո դուք այլեւս քարոզարշավի վրա ուժեր չեք չեք ծախսում: Մենք խորհուրդ կտանք այս գործընթացն ակտիվացնել, եւ բազմակուսակցականության վրա կոնսենսուս կառուցել’’,-նշեց Լինաս Լինկյավիչյուսը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, նա շեշտեց, որ ԵՄ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ, ինչը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի համար շատ կարեւոր է : ‘’Լիտվան` որպես նախագահող երկիր, ուրախ է շարունակել համագործակցությունը ձեզ հետ’’,-նշեց Լինաս Լինկյավիչյուսը:
Նշենք, որ Լիտվայի արտգործնախարարը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: