27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ ձեր վախճանը հասնի, գուցե դու կանչեք ինձ …

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ:

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը:

Լսիր, որդյակ, հորդ խրատը եւ մի մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանյակ քո պարանոցին: Որդյակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, եւ հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. «Արի մեզ հետ, մասնակից եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք եւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա հիշատակ երկրից, հափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցվածքը եւ մեր տները լցնենք ավարով: Եկ, մեզ բաժնեկից դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, եւ միեւնույն տեղը կլինի մեր գանձարանը»:

Որդյակ, ճանապարհ մի գնա նրանց հետ, ոտքդ շեղիր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, եւ նրանք շտապում են արյուն հեղելու: Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար: Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձնում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը: Դա է ճանապարհը բոլոր նրանց, որովհետեւ ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին:

Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջեւ եւ համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ: Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարության, չեն ամաչելու: Բայց ամբարիշտները, որ թշնամություն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության:

Ահավասիկ, ես ձեր առջեւ կբացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խոսքերը կսովորեցնեմ ձեզ. որովհետւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ հանդիմանություններին:

Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստյան վրա եւ խնդամ, երբ ձեր նեղությունն ու տագնապը պաշարեն ձեզ: Եւ երբ հանկարծակի խռովություն հասնի ձեզ վրա, եւ, ինչպես մրրիկ, կործանում գա, կամ երբ ձեր վախճանը հասնի, գուցե դու կանչեք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտրեն ինձ, բայց չեն գտնելու, քանզի ատեցին իմաստությունը եւ Տիրոջ երկյուղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ հանդիմանությունները: Այսուհետեւ նրանք կուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կհագենան իրենց ամբարշտությամբ: Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորվեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին: Իսկ նա, ով ինձ լսի, կապրի ապահով եւ երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից:

Առակաց 1

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ