“Աստված ինձ հեռու պահի իմ թիկնապահներից”. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվում է իրեն տրամադրվող Պետական հատուկ անվտանգության ծառայությունից: Նա հայտարարել է, որ իրեն ոչ մի թիկնազոր էլ պետք չէ` այն մեղադրանքներից հետո, որ ինքը միլիոններ է վատնում իր անվտանգության համար, հաղորդում է “Грузия-Online”-ը:
Սաակաշվիլին լրագրողներին ցույց է տվել անվտանգության ծառայության 30 ավտոմեքենաները եւ հայտարարել, որ ինքն “այդ էժանագին PR-ի” կարիքը չունի: “Ինձ բավականեցնում է նախագահի վարչակազմի համար նախատեսված մեքենան եւ ես կարող եմ այն ինքս վարել”,-ընդգծել է նա` հավելելով, որ դա իր իրավունք է որպես սովորական քաղաքացի: “Աստված հեռու պահի իմ թիկնապահներից: Իսկ թշնամիներից ես ինքս կպաշտպանվեմ”:
Նախագահը կրկին օգտվել է էլեկտրամոբիլից` նախագահական նստավայր ուղեւորվելու համար, սակայն ազդեցիկ թիկնապահները նրան ամեն դեպքում հսկել են հեռավորության վրա:
Նշենք, որ Սաակաշվիլին պաշտոնապես հրաժարվեց Պետական անվտանգության ծառայությունից, երբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փոխեց ծառայության ղեկավարին: Այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի անվտանգության ծառայության պետ Անզոր Չուբինիձեն: