Օբաման Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու բացառիկ հնարավորություն ունի
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կոնֆերանսների կենտրոնում կհյուրընկալի և կանցկացնի Միջուկային անվտանգությանը նվիրված չորրորդ գագաթաժողովը, որը կմեկնարկի մարտի 31-ին։
Նախատեսված մասնակիցների թվում են երկու նախագահներ, որոնք հազվադեպ են միմյանց հանդիպում, քանի որ նրանց ժողովուրդները հակամարտության մեջ են, գրում է «Caspian Group Holdings» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին The Washington Times թերթում։
Մինչ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է համաձայնության հասնել այն հարցում, թե որն է լավագույն միջոցը միջուկային զենքն ահաբեկչական խմբավորումներից հեռու պահելու համար, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությունը հազվադեպ, բայց պատմական հնարավորություն է ընձեռում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջնորդությունը վերցնել իր ձեռքը՝ Խորհրդային միության փլուզումից մնացած ամենամտահոգիչ հակամարտություններից մեկը լուծելու համար։
Ինչպես նշում է հեղինակը՝ Վաշինգտոնը, ի տարբերություն Մոսկվայի, հիմնականում զբաղված է եղել Մերձավոր Արևելքում իր գործողություններով՝ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն հաստատելու հարցում առաջատար դիրք գրավելու փոխարեն։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը կարող է առաջընթաց գրանցել, որը կարող է նոր սկիզբ դնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ դիվանագիտական կայուն նախաձեռնություն վարելով երկու կողմերի համար արդար ու երկարատև լուծում գտնելու ուղղությամբ։