Ինչ կտա Հայաստանին Ալիեւի այցը Իրան. Ժամանակ
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով: Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է:
Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, որը բխում է մի շարք կրոնական եւ ժողովրդագրական պատճառներից: Բոլորովին վերջերս այդ նյարդը բավական ցնցվեց ադրբեջանական Նարդարանում, որտեղ Ալիեւը հատուկ գործողություններ էր իրականացնում, իսկ Իրանը դժգոհեց, որ Բաքուն շիաներին է ճնշում: Այնուամենայնիվ, Իրանն ու Ադրբեջանը նաեւ տնտեսապես համագործակցում են, իրականացնում ոչ քիչ ծրագրեր: Այս ֆոնին Ալիեւի այցը Իրան մտորումների տեղիք է տալիս երկու իմաստով: Դրանցից մեկը Հայաստանի համար դրական է, մյուսը՝ բացասական: Նախ՝ բացասականի մասին:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն էր անցկացնում նախարարների եւ Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ եւ հետաքրքրվում, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:
Մինչ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն է անցկացնում հնարավորությունների մասին, Ադրբեջանը, փաստորեն, որը այս տեսանկյունից որոշակիորեն Հայաստանի համար մրցակից է Իրանի հետ հարաբերությունների մասով, անմիջական բարձր մակարդակով այց է անցկացնում Թեհրան: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման ընթացքում՝ արդեն մոտ չորս տարի, բացառությամբ նրա պաշտոնամուտի արարողությանը, հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Հայաստանն այդ առումով հետ է մնում, ինչը կարող է արտահայտվել եւ տնտեսական, եւ քաղաքական հնարավորությունների կորստով:
Մյուս ասպեկտը, որ Ալիեւի այցի մասով կարեւոր է Հայաստանի համար կամ՝ կարող է կարեւոր լինել, որքան էլ տարօրինակ թվա՝ դրական է: Բանն այն է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացումը կարող է բացել հեռանկարներ, որ մեծանա Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Իսկ սա, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի ազդեցության, կարող է ունենալ առավել կառուցողական եւ խաղաղ արդյունքներ՝ նպաստելով այն բանին, որ Բաքուն դառնա շատ ավելի զուսպ սուբյեկտ: Իսկ Իրանը շահագրգռված է այդ հարցում, քանի որ կովկասյան կայունությունն ու խաղաղությունը Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են այժմ առավել, քան երբեւէ:
Ահա այս առումով եթե ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգացում ապրեն, ապա դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից: Առավել եւս, որ այս հարցում պաշտոնական Թեհրանի ու Երեւանի շահերը բավական համահունչ են, եւ դա դրսեւորվել է եւ բաց, եւ փակ գործընթացների տեսքով՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, պատերազմի ժամանակաշրջանից եւ հետպատերազմյան համագործակցությունից մինչեւ այսօր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: