Նոր մանրամասներ` Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ
Ստամբուլի դատախազությունը, որը հետաքննում է “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը, փետրվարի 13-ին նամակ է ստացել մի բանտարկյալից, ով պնդել էր, թե Դինքի սպանության վերաբերյալ տեղեկություն ունի, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը` վկայակոչելով “Dogan” գործակալությանը:
Տեղեկություն տրամադրողը, ով այժմ Կենտրոնական Անատոլիայի բանտում է գտնվում, իր նամակում Դիքնի սպանությանը վերաբերող փաստաթղթեր է ներկայացրել եւ նշել, որ համաձայն է համագործակցել հետաքննության հետ, եթե իշխանությունները երաշխավորեն իր ընտանիքի անվտանգությունը:
Նա գրել է, որ սպանությունը ծրագրված է եղել մի խմբավորման կողմից, որի մեջ են մտնում ինքը եւ Էրհան Թունջելը, ով աշխատում էր որպես Տրապիզոնի ոստիկանությանն ինֆորմացիա տրամադրող եւ ձերբակալվել է Դինքի սպանությունից հետո:
Բանտարկյալը նշել է նաեւ, որ մինչ սպանությունը ինքը եւ Թունջելը դիտարկումներ են անցակացրել “Ակոս”-ի խմբագրության առջեւ: Դատախազ Մուիմեր Աքաշը, ով զբաղվում է Դինքի սպանության գործով, երաշխավորել է նրա ընտանիքի անվտանգությունը:
Հրանտ Դինքին սպանել են 2007-ի հունվարի 19-ին` “Ակոս”-ի խմբագրության դիմաց: Մարդասպանը` նացիոնալիստ Օգյուն Սամաստը, դատապարտվեց 23 տարվա ազատազրկման: Յասին Հայալը, ում դատարանը ճանաչեց որպես սպանության կազմակերպիչ, ցմահ բանտարկության դատապարտվեց: 17 մեղադրյալները, ովքեր մեղադրվում էին ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեջ` սպանությունը կազմակերպելու նպատակով, արդարացվեցին, նրանցից մեկի վերաբերյալ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել: Սպանության հետաքննության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը տեղյակ է եղել ծրագրվող ահաբեկչական ակտի մասին, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել: