Այսօր պարտվում է ժողովուրդը. Հայացք
Թերթը օրվա քաղաքական օրակարգի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ
– Պարոն Բոզոյան, ընթանում է ոչ ստանդարտ ընտրարշավ: Ինչո՞վ է այն պայմանավորված:
– Ըստ իս, ամենքին էլ հայտնի է պատճառը. քաղաքական հիմնական ուժերը չմասնակցեցին ընտրություններին, որի հետևանքով էլ ներկա ընտրություններն առավել նմանվում են թատերական ներկայացման: Որովհետև, եթե ընտրության մեջ չկա իրական այլընտրանք, այսինքն` չկա ռեալ մրցակցություն, այդպես պետք է լինի:
Որովհետև, եթե կանխավ իմանում են, թե ով է իրական ֆավորիտը, եթե հասարակության ճնշող մեծամասնությունն արդեն գիտի, թե ով է հաղթելու փետրվարի 18-ին, նշանակում է ընտրություններ չեն, այլ ընդամենն իրականացվում են միջոցառումներ:
– Այսինքն` իմիտացիոն պայքար է ընդամենը:
– Իհարկե: Որովհետև բոլորին հայտնի է, թե ով է հաղթելու: Պատկերացրեք այսպես` շախմատ եք խաղում, և հայտնի է, որ դուք եք հաղթելու: Ընդամենն այլևս կարող եք սիրողական առումով խաղալ:
Բայց դա արդեն մրցույթ չի լինի, որովհետև տվյալ դեպքում մրցույթը բովանդակություն չունի: Մրցույթ լինում է այն դեպքում, երբ հայտնի չէ հաղթողը: Օրինակ, 2008-ի նախագահական ընտրություններում հայտնի չէր հաղթողը. շանս կար, որ կարող էր հաղթել ընդդիմության հիմնական թեկնածուն: Նույնը կարելի է ասել նաև անցած մյուս ընտրությունների մասին: Ուստի և այս իմաստով նախկին բոլոր ընտրությունները որակապես տարբերվում են ներկա ընտրություններից: Իսկ հիմա բոլորն էլ գիտեն, որ հաղթելու է գործող նախագահը: Մնացած թեկնածուներն էլ մասնակցում են ուղղակիորեն այլ խնդիրներ լուծելու համար:
– Եվ այդ թեկնածուների խնդիրն իրա՞ր հետ է, թե իշխանական ներկայացուցչի:
– Տարբեր է: Թեկնածու կա, որ ինքն անհայտ մարդ է, և այս ընտրություններով ուզում է հայտնի դառնալ: Օրինակ, մինչև ընտրությունները ոչ ոք չէր ճանաչում էպոսագետին: Նա մարդ է, ով ուզում է ինքնահաստատվել: Եվ այդ առումով ինչ-ինչ խնդիրներ լուծել է արդեն: Մյուս թեկնածուները, որոնք ինչ-որ չափով հայտնի էին, լուծում են. օրինակ, տակտիկական խնդիրներ` իշխանության հետ: Օրինակ, որոշակի տոկոս հավաքելու դեպքում կարող են հայտ ներկայացնել մեր հասարակական-քաղաքական կյանքում որոշակի դերակատարություն ունենալու համար:
– Մենք այսօր ունենք հացադուլավոր թեկնածու: Այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա մեր ընտրությունների որակական գնահատականի վրա:
– Ընտրությունների ոչ մրցակցային լինելն արդեն իսկ ազդեցություն թողել է նրա որակական բնույթի վրա: Իսկ ինչ վերաբերում է հացադուլավոր թեկնածուին, ապա ես չեմ կարծում, որ նրա ակցիան ստացել է հասարակական լայն հնչեղություն, որպեսզի էական ազդեցություն ունենա հասարակական-քաղաքական դաշտի վրա:
– Նաև մենք կրակոցներ ունեցանք թեկնածուի վրա:
– Իհարկե, դա տխուր փաստ է: Նման խաղի կանոն մեր երկրում երբևէ չի եղել: Եվ պարտավոր ենք այնպես անել, որ նման բան այլևս չկրկնվի:
– Պարոն Բոզոյան, ո՞րն է այս զավեշտալի, եթե տվյալ բառով կոչեմ, ընտրությունների հիմքը, աղբյուրը, մի խոսքով` բուն պատճառը:
– Բավականին խորքային պատճառներ կան: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չի աշխատում ընտրական համակարգը: Մեր երկրում այն խաթարվել է: Եվ վստահությունը, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար, տարեցտարի նվազում է հասարակության մոտ: Փաստորեն ընտրական ինստիտուտի վարկանիշը յուրաքանչյուր տարվա հետ անկում է ապրել:
Այս ամենի հետևանքով թուլանում է հասարակության հավատը, ակտիվ մարդիկ էլ հեռանում են երկրից: Իսկ, հակադարձ էլ այս ամենի, առավել ուժեղանում է պետական ապարատի “աշխատանքը”: Այս գործոններն իրար հետ համադրելով, ստանում ենք նման տխուր արդյունք:
– Եվ կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ ժողովուրդը պարտվում է:
– Անշուշտ:
– Իսկ ինչպիսի՞ զարգացումների եք սպասում մինչև ընտրությունների օրը: Որովհետև շատ թեկնածուներ կրկին անակնկալներ են կանխատեսում:
– Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, թե այլևս ի՞նչ անակնկալներ կարող են լինել թատերական ներկայացման ժամանակ: Իսկ ինչպիսին էլ լինեն դրանք, էական ազդեցություն չեն կարող թողնել: Պարզապես ընտրություններից հետո մենք շատ մտորելու բան պետք է ունենանք. հասարակական-քաղաքական շրջանակները լրջորեն պետք է մտահոգվեն, թե ինչպե՞ս փոխեն իրավիճակը, որ այսուհետ նման ընտրություններ չանցկացնենք: Սա հարց է, որի պատասխանն այսօր դեռևս ոչ ոք չգիտի:
– Հենց սկզբից սկսվեց ու ընթացավ «անլուրջ» ընտրարշավ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այն էլ ավելի խորացրեց ժողովրդի անկումային տրամադրությունները: Եվ, ընդհանրապես, առավել նվազեց հավատը ընտրական ինստիտուտի նկատմամբ:
– Միանշանակ: Եթե դուք ընտրությունները կազմակերպում ու անցկացնում եք թատերական ներկայացման նման մի բան որպես, ապա այն չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հասարակական գիտակցության վրա:
– Կանխատեսու՞մ եք` ինչպիսի՞ն կլինի միջազգային դիտորդների ու կազմակերպությունների գնահատականը:
– Միջազգային դիտորդները միշտ էլ ֆորմալ գնահատական են տվել: Ըստ էության նրանք ունեն իրենց որոշակի դիրքորոշումն ԱՊՀ տարածքում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Եվ կարծում եմ այդ գնահատականները էական ազդեցություն չեն թողնի մեր հասարակության վրա, որովհետև դրանց ծանոթ ենք մեր բոլոր ընտրություններից հետո, երբ ստացել ենք հերթական ստանդարտ գնահատականը: Եվ չեմ կարծում, որ այս անգամ այդ գնահատականներն էապես կոփվեն: Այլ խնդիր է, որ նրանք ունեն, ասենք, յուրահատուկ վերաբերմունք Բելառուսի նկատմամբ: Իսկ ԱՊՀ բոլոր երկրների համար նրանց գնահատականները ստանդարտ են:
– Եվ եթե ամփոփելու լինենք մեր խոսակցությունը` ճի՞շտ վարվեցին մեր ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը, որ չմասնակցեցին այս ընտրություններին:
– Այստեղ ճիշտ ու սխալի խնդիրը չէր: Ի վերջո նրանց մոտ պետք է լիներ գիտակցությունն այն բանի, որ պետական ապարատին հակակշռելու համար հարկ է ստեղծել միասնական նոր մի մեքենա: Եվ նրանք դա պետք է անեին: Նկատի ունեմ Հայ ազգային կոնգրես դաշինքը, Բարգավաճ Հայաստան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:
Քանզի Հայաստանում առկա պայքարը գաղափարների պայքար չէ: Պայքարը պետք է ընթանա հասնելու այն բանին, որպեսզի ո՛չ թե վարչական մեքենան, այլ դոմինանտային դերակատարություն ունենան քաղաքական ուժերը:
Օրինակ, նույն Վրաստանում Իվանիշվիլին ևս համախմբեց տարբեր տիպի մարդկանց, նրա թիմում կան գաղափարական այլևայլ հոսանքների ներկայացուցիչներ: Քանզի գիտակցեցին, որ ցավոք սրտի, այսօր հետխորհրդային երկրներում գաղափարական պայքար չէ, որ ընթանում է, այլ ընթանում է պայքար, թե ով պետք է իշխի` քաղաքականությունը, թե վարչական մեքենան: Եվ սա` նորից եմ կրկնում, ցավոք սրտի:
Եվ հիմա, փաստորեն, այս գիտակցությանը տուրք չտվեցին ընդդիմադիր մեր ուժերը: Բայց և ամեն մի ուժ էլ իր հերթին տեսավ ու հասկացավ, որ եթե իրենք առանձին-առանձին են մասնակցում ընտրություններին, պարտությունն անխուսափելի է: Որովհետև անհնար է, որ պետական մեքենայի հետ մրցի ու հաղթի որևէ կուսակցական ուժ, որն էլ այն լինի` ՀԱԿ-ը, Բարգավաճ Հայաստանը, թե ՀՅԴ-ն: Եվ եթե դու չես կարող մրցակցել պետական մեքենայի հետ, հաղթանակի հնարավորություն չունես, նշանակում է ընտրություններին մասնակցելով ընդամենը մասնակցում ես տիկնիկային թատրոնի: Իսկ այս ուժերն այնքան խելոք գտնվեցին, որպեսզի չմասնակցեին:
– Եվ կրկին չկարողացան հաղթահարել իրենց քաղաքական, կուսակցական կամ մարդկային “ես”-ը, ու ստացվեց ներկա իրավիճակը:
– Ցավոք, այդպես է: