28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վանդալիզմ՝ Ցեղասպանության մասին ցուցադրության դեմ

Գերմանական Աախենում անհայտ անձինք ավերել են ցուցահանդեսի նմուշներ

Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի:

Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 29-ին անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող ՙ1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը՚ խորագրով ցուցահանդեսի մասին է, որն ուսումնարանում անցկացվող ՙՀայրնեիք՚ շարքի մի մասն է:

Դեպքի կապակցությամբ Միությունը Ոստիկանությունում համապատասխան հաղորդագրություն է տվել:

Ընկերակցության տարածած մամլո հաղորդագրությունում կազմակերպության նախագահ Րաֆֆի Կանթյանը ներկայացնում է, որ հիշյալ ցուցադրությունը հաջողությամբ եւ առանց միջադեպերի անցկացվել է Գերմանիայի տարբեր քաղաքներում. ՙԱախենի ժողովրդական ուսումնարանում տեղի ունենցած վանդալիզմը ոչ միայն Գերմանահայկական ընկերակցության, այլեւ ուսումնարանի համար էր բացառիկ՚:

Ուշագրավ է, որ հանցագործները ցուցահանդեսի հենց այն նմուշն են ավերել (նմուշը պատռել են դանակով), որտեղ պատկերած էր հարավարեւելյան Անատոլիայի Ուրֆայի հայկական եկեղեցին: Հենց այստեղ 1895 թվականի ձմռանը 3 հազար հայ է կենդանի այրվել, ինչի կապակցությամբ առաջին անգամ կիրառվել է հոլոքոստ եզրույթը:

Գերմանահայկական ընկերակցության համար դեռ ընդունելի է այն, որ Աախենում գործող երկու խմբավորումներ ցուցադրության դեմ բողոքի գրություն էին տարածել՝ նրանում ներկայացնելով պաշտոնական Թուրքիայի տեսակետն ու միությանը մեղադրելով միակողմանիության մեջ: ՙՍակայն անհայտ անձանց վանդալիզմը լիովին անընդունելի է. այն արջի ծառայություն է մատուցում այդ խմբավորումների նպատակներին՚,-ասված է հաղորդագրությունում:

Գերմանահայկական ընկերակցությունը, այսպիսով, խստորեն դատապարտում է այս արարքը՝ համոզմամբ, որ բռնությունը ոչ թե խնդիրներ է լուծում, այլ նոր խնդիրներ է ծնում:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է նաեւ ՙAachener Zeitung՚ տեղական օրաթերթը փետրվարի 13-ի իր համարում՝ ՙՎանդալիզմը դեպք է Ազգային անվտանգության մարմինների համար՚ վերտառությամբ:

Մամլո հաղորդագրություն է տարածել նաեւ Աախենի ժողովրդական ուսումնարանը:

Լուսանկարը՝ Գերմանահայկական ընկերակցության

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ