Խեղճ Լիզա․ Բեռլինում առեւանգված աղջնակի առեղծվածային պատմությունը
13-ամյա Լիզայի պատմությունը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացրել։ Բեռլինի Մարցան թաղամասում հիմնականում ապրում են նախկին ԽՍՀՄ երկրներից փախստականները։ Լիզան ռուս փախստականների դուստր է, այն, ինչ տեղի է ունեցել աղջնակի հետ, մեծ արձագանք է ստացել թե Ռուսաստանում, թե Գերմանիայում եւ ողջ աշխարհում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փախստականները Լիզային առեւանգել էին դպրոցի ճանապարհից եւ բռնաբարել նրան։
Աղջնակի հետ տեղի ունեցած դժբախտությունը շատ արագ քննարկումների առիթ դարձավ։ Ոմանք կարեկցում էին երեխային եւ քննադատում գերմանական իշխանություններին, որ այդքան փախստականների են թույլ տվել երկիր գալ, ոմանք էլ գտնում են, որ այս դեպքը հորինված է։
Սակայն լրագրողների հետաքննությունները պարզել են, որ 13-ամյա Լիզան իսկապես գոյություն ունի, ապրում է Բեռլինում, ծնողների հետ միասին։ Լիզան իրոք անհետացել էր, ինչի մասին աղջկա ծնողները հայտնել են ոստիկանություն։ Երեխան անհետացել էր հունվարի 11-ին, դպրոցից տուն չէր վերադարձել։ Հունվարի 12-ին նա ողջ էր հայտնաբերվել։ Իսկ դրանից հետո առեղծվածային պատմություն է։
Հենց սկզբից լուրեր տարածվեցին, որ աղջկան բռնաբարել են Մերձավոր Արեւելքից փախստականներ։ Աղջկա բարեկամները լրագրողներին ասել էին, որ երեխային ոստիկանություն են տարել ու երկար ժամանակ հարցաքննել ու անգամ ստիպել են նրան ասել, թե իբր բռնաբարություն չի եղել, ամեն ինչ իր կամքով էր։
Ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե աղջկան իբր 7 հոգով են բռնաբարել։ Սակայն արդյունքում հասկանալի չէ, թե ինչպես է Լիզան հայտնվել հանցագործների մեքենայում։
Աղջկա բարեկամուհին պատմել է, թե Լիզային մոտեցել է վատ գերմաներեն խոսող մի տղամարդ ու առաջարկել տանել դպրոց։ Երեխան էլ նստել է մեքենան։ Մյուս բարեկամներն ասում են՝ աղջկան բառի բուն իմաստով առեւանգել են, քարշ տվել մեքենան ու տարել։
Դրանից հետո լրատվամիջոցներում մեկը մյուսից անհավանական տարբերակներ են առաջ քաշվում, իսկ աղջկա ընտանիքի փաստաբանն արգելում է որեւէ մեկին շփվել ընտանիքի անդամների հետ։
Եւ ամենաառեղծվածայինն այն է, որ Բեռլինի ոստիկանությունը դեպքի առթիվ կոնկրետ որեւէ բան չի ասում։ Սակայն երեխայի անուն ազգանունն այսօր քննարկում է ողջ Բեռլինը, ինչը խնդիրներ է ստեղծում աղջկա ընտանիքի համար։