Իրանի ոչխարներն ու Սյունիքի հողերը
Բուսաբան, գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված համաձայնագրին:
Հիշեցնենք, ըստ մամուլի` իրանական կողմին անհրաժեշտ է առնվազն 50 հեկտար արոտավայր, հայկական կողմն էլ վարձակալության արժեք է սահմանել տարեկան 25 դոլարը` մեկ հեկտարի դիմաց: Վարձակալության ժամկետը նախնական 5 տարի է` երկրաձգման հնարավորությամբ մինչև 10 տարի:
“Այս ամենից ստացվում է, որ Հայաստանում չկան մասնագետներ, ովքեր կզբաղվեին այդ արոտավայրերով և հողատարածքներով: Խորհրդային տարիներին թուրքերին վաճառում էին մեր արոտավայրերը, այժմ էլ կարծես նույն իրավիճակն է”,-նշեց բանախոսը, համոզմունք հայտնելով, որ արդյունքում այդ արոտավայրերը “վատ վիճակում են հայտնվելու”:
“Ոչ ոք չի խորհրդակցել համայնքի բնակիչների հետ: Այդ հողերը Գյուղատնտեսության նախարարությանն են, այլ ոչ մարզպետարանինը”,- հայտարարեց Կարեն Աֆրիկյանը:
Ակտիվիստ Վազգեն Գալստյանի համոզմամբ էլ այդ համաձայնագրում խնդրահարույցն այն է, որ տեղի ժողովուրդը դուրս է մնացել գործընթացից:
“Այդ քայլի պատճառով ռազմական տվյալների փոխանցում կարող է տեղի ունենալ որոշակի ուժերի կողմից, քանի որ անասնապահը կարող է այնպիսի տվյալներ հաղորդել, որը կխանգարի սահմանապահների գործունեությանը”,-նշեց նա, հավելելով, որ բնապահպան ակտիվիստները հունվարի 18-ին դիմել են Ազգային անվտանգություն ծառայություն:
Հանդիպմանը ներկա իրանահայ ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը հայտնեց, որ Իրանը, լինելով մեծ մասամբ անապատային երկիր, փորձում է իր անասուններին արածեցնել Հայաստանում, ինչը մեծ վնաս կհասցնի մեր արոտավայրերին:
“Սա խայտառակություն է և ոչ համաձայնագիր: Սյունիքի մարզի 11%-ը հանձնում են նրանց, ովքեր քայքայել են իրենց երկրի արոտավայրերը”,-ասաց նա: Սարմեն Շահինջանյանն իրանական մամուլից տեղեկացել է, որ Սյունիքի արոտավայրերում նախնական պետք է բերվի 50 հազար ոչխար, իսկ հետագայում այն կհասցվի 100 հազարի: