”Նորաձևության ոստիկանը” քննում է աստղերի ոճը
Վերականգնելով ամենասիրված ու սպասված խորագրերից «Նորաձևության ոստիկանությունը»` այս անգամ մեր բաժանմունքում հայտնվել են գլխարկներով, հարդարման տարբեր պարագաներով աչքի ընկած հայտնիները: Նրանց կերպարային քննությունն այս անգամ կատարեց երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը:
Մասնագիտությամբ աստվածաբան Արայիկի դեպքում ճիշտ կլինի փաստել այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի. ցանկացած բան, որ արվում է սիրով ու հաճույքով, լավ արդյունքներ է ունենում: Պատահական չէ, որ հենց Արայիկն է քննել մեր հայտնիներին, քանի որ նրա հեղինակած աշխատանքներում հանդիպել ենք նմանօրինակ կերպարների: Բավական է նշել միայն երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, ում բեմական կերպարների հեղինակը հենց Արայիկն է, ամեն ինչ իսկույն պարզ կդառնա: Ոճաբանի խոսքերով` մեր հայտնիներից ոմանց բեմական կերպարները գրագետ են: «Կան մարդիկ, ովքեր պահպանում են բեմական կանոնները. կարող եմ առանձնացնել Արմինկային, ով միշտ գրագետ կերպարով է: Տղամարդկանցից, օրինակ, Անդրեն միշտ ճիշտ հագուստով է հայտնվում ճիշտ տեղում»,- կարծում է 26-ամյա Արայիկը, ով 2009-ին Փարիզում մասնակցել է Համաշխարհային ոճաբանների ասոցիացիայի կազմակերպած բաց առաջնությանը` «Full fashion look» անվանակարգում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Անի Քրիստի– Շատ հավանեցի պարանոցի շղթաները, որոնց հետ օգտագործված առանձին զարդերը (սոլի բանալին և սրտաձև վզնոցը) պարզապես կարող էին չլինել: Իսկ գլխի աքսեսուարը շատ վատ իրականացված ձեռքի աշխատանք է: Այստեղ Անիի դիմահարդարումը, կարծում եմ, չափից ավելի է. տեղին չէ կոպերի կապույտ երանգից մանուշակագույնի անցումը: Գեղեցիկ կլինեին բաց երանգներով ընդգծված աչքերը, վերևի շրթունքն էլ` մի փոքր մեծացրած, որը դարձյալ պետք է ներկված լիներ առանց փայլի, բաց երանգով:
Սուսաննա Պետրոսյան- Իմ կարծիքով` շատ անհամադրելի է ծովափնյա գլխարկը կեդերի ու շարֆի հետ: Հուսով եմ` լուսանկարը սիրողական է և չի արվել հանրությանը ներկայացնելու համար:
Էմմա Ասատրյան- Էմմայի դեպքում տիպիկ աֆրիկյան ոճի գլխաշոր` «տուրբան» է օգտագործված: Գունային համադրությունը հաջող է, գուցե այս կերպարին չէին խանգարի նաև փոքր-ինչ ընդգծված աչքերն ու այտոսկրերը:
Լիլիթ Հովհաննիսյան- Այստեղ ինձ գրավում է «տուրբանի» չափը: Երգչուհին իրեն բնորոշ համարձակությամբ օգտագործել է մեծ ծավալով գլխակապեր: Ի դեպ, հայ երգչուհիներից նա առաջինը սկսեց
«տուրբան» օգտագործել: Այստեղ թևի փոքրիկ աքսեսուարը կամբողջացներ կերպարը:
Սիրուշո- Մազերի աքսեսուարը խիստ նորաձև էր 2010-ի ձմռանը. մի քանի նորաձևության տներ այն օգտագործեցին իրենց 2010-2011 ձմեռային հավաքածուներում: Ընդհանուր կերպարը ստացված է:
Վահրամ Պետրոսյան- Գլխարկը ոճային է, սակայն գույնի և գործվածքի պատճառով մեծացել է Վահրամի ոչ շատ փոքր գլուխը:
Ինգա և Անուշ Արշակյաններ- Արշակյան քույրերն իրենց ոճում են, սակայն համաձայն չեմ գլխակապի գործվածքի ու վրայի վարդի հետ: Եթե ականջօղեր են դրել, ապա գլխակապը մի փոքր ավելի վերև պետք է լիներ: Կերպարն ավելի «խառակտերնի» դարձնելու համար հոնքերը մի փոքր ավելի երկար ու բարձր կընդգծեի:
Նունե Եսայան- Առանձին-առանձին` թե´ գլխարկը, թե´ վերնաշապիկը, թե´ պայուսակն ու երկարաճիտ կոշիկները գեղեցիկ են, բայց այս բոլորի համադրության հետ համաձայն չեմ: Եթե նպատակ են ունեցել կերտել առօրյա կերպար, ապա մազերը պետք է հավաքված լինեին, ինչպես նաև օգտագործեին կա´մ ակնոցը, կա´մ գլխարկը:
աղբյուրը` ”Ես” ամսագիր