Ամանորյա կերուխում. ինչպես ազատվել բացասական հետեւանքներից
Համաձայն վիճակագրության` ամանորյա արձակուրդներից հետո մարդկության մեծամասնությունը խնդիրներ է ունենում ստամոքսի հետ: Դա զարմանալի չէ, օրեր շարունակ նրանք կերուխումի մեջ են, շատ ուտում են, շատ ալկոհոլ օգտագործում, քիչ են շարժվում, ինչն արդյունքում վերածվում է աղեստամոքսային համակարգի խնդիրների ու ավելորդ կիլոգրամների: Հաճախ նաեւ մաշկին ցան է նկատվում: Շատ են լինում նաեւ թունավորման դեպքեր:
Վերը նշված խնդիրների հիմնական “մեղավորը” ուտելիքներով հարուստ սեղանն է, որի վրա առկա են յուղոտ ուտելիքներ, կծու համեմունքներ եւ իհարկե` մայոնեզով հարուստ աղցաններ: Այս ամենի համադրությունը չափազանց մեծ ծանրություն է լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի համար:
Այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ուտեստները ոչ թե տապակել այլ շոգեխաշել: Հանեք ձկան եւ մսի վրայի ճարպը` նախքան դրանք պատրաստելը: Պատրաստեք ու կերեք բանջարեղենային աղցաններ: Մայոնեզի փոխարեն ձեթ ավելացրեք:
Եվ ընդհանրապես, հիշեք, որ Ամանորը ոչ թե ուտելու, այլ ուրախանալու տոն է: