Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները, գրում է Ermenihaber.am-ը:
Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ըստ ստացված տեղեկության՝ պայթյունը որոտացել է օդանավակայանի կանգառում՝ ինքնաթիռներից մեկի առջևի հատվածում: Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի տնօրինության կողմից տարածված գրավոր հայտարարությամբ տեղեկացվել է, որ պայթյունի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Պայթյունը որևէ կերպ չի ազդել օդանավակայանի գործունեության վրա և նախատեսված թռիչքները շարունակում են իրականացվել: