Ո՞վ կհետևի Շիրխանյանին
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալումը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պայմանավորում է երկու հանգամանքով: Henaran.am-ի հետ զրույցում Արշակյանը մասնավորապես նշեց.
«Ամենակարևորը քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր միջոցառումները, որ իրականացնում են մեր ուժային կառույցները՝ կասկածելի են մեղմ ասած: Իսկ քրեական առումով միջազգային կառույցները արդեն գնահատական տվել են՝ Հայաստանը համարելով ամենաանվտանգ երկրներից մեկը՝ անվտանգության առումով»:
Արշակյանը նշեց, թե դա փաստում է, որ մեր ուժային կառույցները աշխատում են գերազանց, սակայն երբ քաղաքական ենթատեքստ է մտնում, նրանք դառնում են ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ և անարդարացի.
«Իրականում մենք չենք կարող ասել, թե ինչ է կատարվում, բայց կարող ենք դիտարկումներ անել: Քրեական գործերում վստահում ենք մեր իրավապահներին, բայց քաղաքական գործերում չենք վստահում»:
Հարցին, թե հնարավոր են քաղաքական այլ դեմքերի ձերբակալումներ այս գործով, Արշակյանը արձագանքեց. «Քաղաքական զոհաբերության ենթատեքստում հնարավոր են»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: