24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաքվին չի հաջողվելու մեկուսացնել Արցախը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին, թե օրերս Ադրբեջանում որոշում ընդունվեց, որը իբր ուղղված է այդ երկրի օդային սահմանների պաշտպանությանը, բայց իրականում փորձ է արվում օրենքի ուժ տալ Ադրբեջանի կողմից արված սպառնալիքներին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը աղմկում է եւ աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը։

“Եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել այս հարցը։ Ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանը որեւէ քայլ չեն ձեռնարկել եւ չեն ձեռնարկելու օդանավակայանի գործարկումը քաղաքականացնելու նպատակով։ Ադրբեջանական կողմը խոստում էր տվել, պարտավորություն էր վերցրել եռանախագահների հետ հանդիպման ժամանակ, որ զերծ է մնալու քաղաքացիական ինքնաթիռների դեմ ուժի գործադրումից եւ ուժի գործադրման սպառնալիքից:

Չնայած դրան, ամենաբարձր մակարդակով ադրբեջանական ղեկավարությունը կոպտորեն խախտելով այդ պարտավորությունները՝ սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի դեմ։ Եռանախագահները բազմիցս կոչ էին արել զերծ մնալ դրանից։ Եվ պարզ էր, թե այդ կոչը ում էր ուղղված՝ հենց Ադրբեջանին։

Պարզ է նաեւ, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը չի կապակցված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ասպեկտների հետ: Եռանախագահները ասել էին, որ դա չպետք է որեւէ ձեւով կանխորոշի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։

Ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանը երբեւէ չեն կապակցել Ստեփանակերտում օդանավակայանի բացումը այլ հարցերի հետ։ Բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը միայն քաղաքացիական եւ հումանիտար նպատակներ ունի։ Ադրբեջանը չի թաքցնում եւ դրա մասին բացեիբաց ասում է, որ իրենց նպատակն է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը եւ ստիպել ժողովրդին լքել Արցախը։ Դա մինչ այսօր իրենց չի հաջողվել եւ չի հաջողվելու”,-ասել է նախարարը:

2013թ.-ի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ Նալբանդյանը նկատել է. “Դուք եթե նայեք 2012թ.-ի մեր ամփոփումը, այդ նույն ուղղություններով ԱԳՆ-ն շարունակելու է աշխատանքները 2013-ին: Ես կցանկանայի հիշատակել, որ 2013-ին Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում։ Դա շատ պատվավոր առաքելություն է, բայց նաեւ մեծ պատասխանատվություն: Մենք պատրաստում ենք մեր առաջնահերթությունները նախագահության ընթացքում, համապատասխան լայնածավալ ծրագիր է մշակվում։  Այն ներկայացվելու է ապրիլ ամսին, որովհետեւ նախագահությունը ստանձնելու ենք մայիսին։ Ապրիլ ամսին Երեւան է այցելելու Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը եւ միասին մենք կներկայացնենք ծրագիրը։

Նաեւ պետք է նկատի ունենալ, որ 2013թ.-ին Հայաստանը նախագահելու է Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում:

Նախատեսվում է նաեւ տարվա երկրորդ կեսին Արեւելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների եւ Եվրամիության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը անցկացնել Հայաստանում։ Տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ փոխայցելություններ եւ Հայաստանի մասնակցությունը տարբեր միջազգային ֆորումներին։ Այդ ամենը պատշաճ ձեւով կներկայացվի այդ ծրագրերի համապատասխան ժամկետներում”։

Այն հարցին, թե արդյոք նախատեսվում է արդյո՞ք մոտ ապագայում հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների կամ նախագահների միջեւ եւ ընդհանուր առմամբ ի՞նչ է կատարվում այսօր բանակցային գործընթացում, Էդվարդ Նալնբանդյանը հայտնել է, որ հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ եւ եթե անհրաժեշտություն լինի, ապա նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, իսկ նախագահների մակարդակով դեռ որեւէ հանդիպում ծրագրված չէ։

“Ի՞նչ է կատարվում բանակցությունների ընթացքում։ Գիտեք, որ Կազանում Ադրբեջանի պատճառով առաջընթաց հնարավոր չեղավ արձանագրել, որովհետեւ ադրբեջանական կողմը փաստորեն հրաժարվեց՝ առաջ քաշելով տասնյակ փոփոխություններ արդեն համարյա համաձայնեցված տեքստում։ Նույնը նաեւ արել էր նախորդ հանդիպումների ժամանակ։ Բոլորը սպասում էին, որ Կազանի հանդիպումը շրջադարձային կլինի, բայց այդպես չեղավ։ Ադրբեջանն արեց ամեն ինչ, որպեսզի այս գործընթացն առաջ չգնա։

Պետք է նկատի ունենալ, որ 2012-ին, ինչպես նշեցի իմ ներածական խոսքում, կարեւոր հայտարարություններ եղան։  Ինչի՞ մասին էր Սոչիի հունվարյան հայտարարությունը, որի տակ նաեւ համաձայնվել էր իր անունը դնել Ադրբեջանի նախագահը. որ պետք է արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը։ Մի քանի օր անց, եթե չասեմ հաջորդ օրը, Ադրբեջանից հնչեցին իրենց հին երգերը, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններն անիմաստ են, պետք է անցնել պայմանագրի մշակմանը։

Ինչպե՞ս կարելի է պայմանագիր մշակել առանց հիմնարար սկզբունքների շուրջ անգամ համաձայնության գալու։ Եվ դա էր պատճառը, որ Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարության մեջ աջակցություն էր հայտնվում Սոչիի հայտարարությանը եւ կոչ էր արվում արագացնել սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը։ Ադրբեջանը ամբողջ տարվա ընթացքում մերժեց դա։ Դուբլինում դեկտեմբերին ընդունված հայտարարություններում հղում կատարվեց Սոչիի եւ Լոս Կաբոսի հայտարարություններին: Ադրբեջանը մինչ այսօր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձախողի բանակցություններն այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահների կողմից ներկայացված են։ Բացի դրանից, կան մի քանի այլ խնդիրներ, որոնք քննարկվում են հանդիպումների ժամանակ։ Դուք գիտեք, որ առաջարկներ էին եղել դեռ 2011-ի մարտին, նորից Սոչիում կայացած հանդիպման հայտարարության մեջ, ինչը վերահաստատվեց նաեւ 2012 հունվարյան հայտարարության մեջ։

Հայտարարությունը, ինչպես նշեցի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից էր արվել։ Ասվում էր միջադեպերի հետաքննության հատուկ մեխանիզմի ստեղծման մասին։ Չնայած Ադրբեջանի նախագահի անունը կա այդ հայտարարության տակ, սակայն Բաքուն ամեն ինչ արեց, որպեսզի ձախողի որեւէ քննարկում, բանակցություն այս մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։

Փաստորեն Ադրբեջանը դեմ լինելով այս մեխանիզմի ստեղծմանը՝ իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը բոլոր միջադեպերի՝ շփման գծում եւ սահմանի վրա, նաեւ դրանց արդյունքում մարդկային կորուստների համար։

Հիշեցնեմ, որ վերջերս՝ դեկտեմբեր ամսին, Դուբլինում եւս մեկ անգամ եռանախագահները կոչ արեցին համապատասխան քայլեր ձեռնարկել 1994թ.-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը ամրապնդելու համար։ Ադրբեջանի նախարարը, դեմ լինելով, որպեսզի որոշ դրույթներ ներգրավվեն այդ հայտարարության մեջ, խոչընդոտեց, որ այդ հայտարարությունը լինի հնգակողմ ձեւաչափով, այսինքն՝ եռանախագահներ պլյուս Հայաստան եւ Ադրբեջան։

Ադրբեջանը դեմ դուրս եկավ այնպիսի սկզբունքային հարցերի, ինչպիսիք են եռանախագահների կողմից բազմիցս առաջադրվող հայտնի երեք սկզբունքները, վերջին անգամ՝ Լոս Կաբոսում նախագահների մակարդակով հայտարարության մեջ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանն անգամ դրա դեմ հանդես եկավ։ Հայտարարությունն եղավ եռակողմ՝ միայն եռանախագահների կողմից։ Հայաստանը կարող է իր ստորագրությունը դնել այդ հայտարարության տակ։

Պարզ է, որ բանակցություններին այլընտրանք չկա եւ բանակցությունները պետք է շարունակել։ Ադրբեջանը փորձում է հնարավոր պատրվակ օգտագործել, որպեսզի խոչընդոտել բանակցությունների առաջընթացին։ Իրականում բանակցությունները առաջ չեն գնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Հայաստանը եռանախագահների հետ համատեղ շարունակելու է ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար”։

Դիտարկմանը, թե նախարարն ամեն հարմար առիթ օգտագործում է նշելու, որ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միանգամայն համահունչ է միջնորդների դիրքորոշմանը եւ արդյոք բնական է համարում այն, որ նույնն անում է նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը, ԱԳ նախարարաը հայտնել է, թե չի լսել, որ Ադրբեջանը երբեւէ ասի, որ միջնորդների մոտեցմանը իրենց դիրքորոշումը համահունչ է։

“Ինչ են իրենք ասում, որ իբրեւ թե միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Բաքվում այնքան են փորձել խաբել իրենց հանրային կարծիքը, որ հենց խաբողները սկսում են հավատալ իրենց հորինած ստերին։ Ինչի՞ վրա են իրենք հղում կատարում։ Ասում են, որ տեսեք, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Չմիացած երկրների շարժումը հայտարարություններ են ընդունում։ Ոչ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ոչ Չմիացած երկրների շարժումը չեն զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ: Եվ երբ որ մենք ասում ենք, որ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցմանը, ապա մենք նկատի ունենք բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել են ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Եթե մենք վերցնենք Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում, Աստանայում, Վիլնյուսում եւ նաեւ Դուբլինում ընդունված հայտարարությունները, եթե մենք վերցնենք չորս հայտարարություն՝ արված եռանախագահ երկրների ղեկավարների կողմից՝ Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս Կաբոսում, ապա այո, մեր մոտեցումներին համահունչ են այդ հայտարարություններին:

Ադրբեջանը ընտրովի, հայտարարությունների միջից ինչ-որ մի կետ է հանում, ասում է մենք էլ ենք սրա հետ համաձայն։ Նույնը անում են բանակցությունների ընթացքում։ Եռանախագահողների կողմից ներկայացված առաջարկների այս կետին մենք համաձայն ենք, եկեք այս համաձայնությունը ձեւակերպենք, իսկ մնացածը թողնենք հետագայի համար։ Պարզ է, որ կետերի վրա են համաձայնվում, նոր բան չէ։ Մեկ բանի վրա են շեշտը դնում՝ տարածքների վերադարձ։  Ասում են, տարածքների վերադարձից հետո պատրաստ կլինենք քննարկել այլ հարցեր։

Դրա պատճառով էր, որ Աստանայում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եռանախագահների անունից հայտարարեց, եւ որը վերահաստատվեց բազմիցս եռանախագահների կողմից, թե Ռուսաստանի եւ թե Ֆրանսիայի կողմից, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից եւ ներկայացվել են կողմերին, կրում են փաթեթային բնույթ եւ չեն կարող բաժանվել մեկը մյուսից, չի կարող առավելություն տրվել մեկ սկզբունքին կամ մեկ դրույթին։ Սա է ընդհանուր մոտեցումը միջազգային հանրության եւ մենք միանգամայն համաձայն ենք այդ մոտեցմանը”-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Երեւանում արած հայտարարությանը` աբխազական երկաթգծի բացման հավանականության մասին, Էդվարդ Նալբանդյանը նկատել է,  որ Իվանիշվիլիի այցելության ժամանակ դրա մասին համապատասխան հայտարարություններ արվել, մեկնաբանություններ էին տրվել: Նա հաստատել է, որ Հայաստանը շատ շահագրգիռ է եւ կարեւորում է երկաթգծի բացումը եւ ինչ-որ հնարավոր է մեր կողմից այս հարցին դրական եւ շուտափույթ լուծում տալու համար, իհարկե մեր հնարավորության սահմաններում, մենք անելու ենք:

 

Նախարար Նալբանդյանը կարծիք է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ օրերս հրապարակած գրառումներրին: Նրա կարծիքով` ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով, ինչ-որ գնահատականներ տալը եւ կանխատեսումներ անելը  այդքան էլ կոռեկտ չէ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կորցրեց Ադրբեջանը սաֆարովյան գործարքի արդյունքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ դժվար է պատկերացնել, որ  Ադրբեջանի ղեկավարությունը այդ աստիճանի  չէր կարող հաշվարկել, թե ինչպիսի արձագանք, ինչպիսի հետեւանքեր կարող  է  ունենալ այդ գործարքը։  “Ամբողջ աշխարհը միանշանակ դատապարտեց, իր դժգոհությունը հայտնեց: Դա  խայտառակություն դարձավ Ադրբեջանի համար: Միգուցե Բաքուն այլ  պատճառ էր հետապնդում, միգուցե սա փորձ էր  ձախողել  բանակցային գործընթացը: Այո, դա անընդունելի էր, դա խայտառակություն էր, դա ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի սկզբունքները եւ արժեքները: Բայց այլընտրանք չկա բանակցություններին եւ Հայաստանը հայտարարեց, որ շարունակելու ենք բանակցությունները:Միգուցե ադրբեջանցիները  տրամաբանությունից դուրս այլ պատճառներ էլ ունեին: Միգուցե  իրենց  յուրահատուկ տրամաբանությունն ունեն, շատ տարբերվող ամբողջ աշխարհի տրամաբանությունից:  Տեսնենք հետագա քայլերը”,-եզրափակել է նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ