Մեղրին՝ Շվեյցարիա՞… /ֆոտո, վիդեո/
Երեկ հունվարի 23-ին ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Սյունիքում: Սյունեցիների խոսքով պատահական չէ, որ նա մարզերից առաջինը ընտրել է Սյունիքը: “Անցած անգամ էլ Սյունիքից սկսեց, եւ հաղթեց: Սյունիքը Նժդեհի հայրենիքն է, Սյունիքը անառիկ դարպաս է եւ այս անգամ էլ է հաղթելու Սերժ Սարգսյանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին կապանցի ընտրողները:
Ագարակում նախագահի թեկնածուին տեսնելու համար նույնիսկ դպրոցահասակ երեխաներ էին եկել: Ավագ դպրոցի սաները ասացին` “երկրի սիմվոլին տեսնելու ենք եկել”: “Նախագահը զբաղված մարդ ա, հաճախ չի կարա հասնի էսքան հեռու, դրա համար եկել ենք տեսնելու”,-պատմեց Նարեն: Ինքը նախագահին ասելու բան չունի. ծնողները աշխատում են, ինքը սովորում է, եւ այս տարի բուհ է ընդունվելու: “Հեսա մոտիկից կքայլի ու կբարեւի բոլորիս”,-պատմեց Նարեն՝ ավելացնելով, որ իր հնգամյա եղբորը էլի “կնախաձանցնի”՝ կասի, որ նախագահին տեսել է:
Մեղրեցի Սվետա Գրիգորյանը հանրապետական չէ, բայց ցանկություն ուներ մասնակցելու թեկնածուի նախընտրական հանդիպմանը:”Վստահում ենք նրան, հավատում ենք եւ այսպես որ գնա, Մեղրին հինգ տարի անց Շվեյցարիա է դառնալու”,-ասաց մեր զրուցակիցը: Մեկ այլ ընտրող էլ ասաց, որ նախագահը ամեն անգամ Սյունիքում լինելուց չի մոռանում Ագարակն ու Մեղրին: “Հա փոփոխությունները շատ են, ով ինչ ուզում ա թող ասի, մենք զգում ենք դա եւ ընտրելու ենք նախագահին”,-ասաց նա:
“Ձեր տոկունությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր քրտնաջան աշխատանքով, ձեր ձգտումներով, ձեր խաղաղասեր երազանքներով դուք եք երկրի բնական պաշտպանները, ես անկեղծորեն շնորհակալ եմ”,-մեղրեցի ընտրողներին ասաց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուի եւ ընտրողների շփումը` նաեւ տեսանյութում:
Տեսանյութի մոնտաժը Գոռ Սայադյանի