ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վերջինն էր /վիդեո/
ՀՀԿ գործադիր մարմնի` հունվարի 17-ին կայացած նիստը թերեւս վերջինն էր նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ: Առաջիկա մեկ ամսում կլինեն շտաբի նիստեր եւ աշխատանքային հանդիպումներ: Այս մասին լրագրողներին նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր մարմնի նիստին նաեւ շտաբի անդամներ են մասնակցել:
Հունվարի 21-ին ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելու է Երեւանի Ավան թաղամասից, որից հետո շարունակվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Այլ ուղղությունների մասին` ՀՀԿ խոսնակը ելնելով մարտավարությունից` չնշեց: Նախընտրական ծրագիրը, բուկլետները եւս պատրաստ են:
“Բայց դրանք նույնիսկ Ձեզ` լրագրողներիդ չեմ կարող տրամադրել, քանի որ քարոզարշավը սկսում է հունվարի 21-ից: ՀՀԿ-ն կգործի օրենքի շրջանակներում”,-ասաց Շարմազանովը:
Ի դեպ, նիստի կեսից` Գործադիր մարմնի անդամներ Հովիկ Աբրահամյանն ու Դավիթ Հարությունյանը հեռացան: Ըստ Է. Շարմազանովի, նրանք հանդիպում ունեին դիտորդական խմբի հետ, եւ նախագահից թույլտվություն վերցնելով` գնացին:
Ի՞նչու է Հայաստանի նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը նշանակվել ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ: Մամուլում հրապարակումներ էին եղել, որ Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ին, ինչի համար էլ Մինասյանին ներգրավվել է շտաբի աշխատանքներում:
“Դրանք զավեշտալի եւ նույնիսկ անհեթեթ են, եւ մեկնաբանելու ոչինչ չկա: Միքայել Մինասյանը մեր նախընտրական շտաբի առանցքային դեմքերից մեկն է, իսկ այդ լուրերը զավեշտալի են”,- ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այլ մանրամասները` տեսանյութում: