Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը կլինի Հայաստանից
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ
Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն:
Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր երկրի խորհրդավորությունը: 15 տարի առաջ տպագրեցինք մի քարտեզ, որի վրա տեղակայված էին Հայոց երկրի առանձնաշնորհները: Այնուհետև Տիրոջ ողորմածությամբ բացահայտեցինք մի շարք փաստեր, Աստծո կողմից ընձեռնված բազմաթիվ շնորհներ, որ կապված էին Հայաստանի հետ: Երկրագնդի վրա չկա մի վայր, որ ունենա այդքան շնորհների լեցունություն, որքան մեր երկիրը: Այս աշխատանքի արդյունքում էլ լույս տեսավ այս գիրքը, որ կունենա իր շարունակությունը ևս երեք հատորով:
Սույն մեծածավալ աշխատության փաստերն ի՞նչ հիմնավորումներ ունեն:
Առաջին հատորի յուրաքանչյուր գրքի սկզբնաղբյուրներում հայ հեղինակների հետ միասին ընդգրկված են նաև բազմաթիվ օտարազգի հեղինակներ, օրինակ, հնէաբան, պատմաբան Դեվիդ Ռոլ, անգլիացի կովկասագետ Դեվիդ Լենգ, ռուս պատմաբան, զինվորական գործիչ և հրամանատար Վիկտոր Աբազա և ուրիշներ: Պատկերը ավելի ճոխ և գեղեցիկ է դառնում, երբ օտարներն են մեր երկրի մասին խոսում: Մեր հոգևոր և եկեղեցական պատմությանն ավելի շեշտադրված անդրադարձել են նաև Մխիթարյան հայրերը՝ Ղևոնդ Ալիշանը, Ղուկաս Ինճիճյանը, Միքայել Չամչյանը և մյուսները: Այս հեղինակներն իսկապես տեսել են մեր երկրի խորհրդավորությունը՝ իրենց աշխատություններում ներառելով նաև եվրոպացի աստվածաբանների նյութերը Հայոց երկրի հետ կապված: Գրքում անդրադարձել ենք բազմաթիվ գիտնականների մեջբերումներին Քուր-արաքսյան քաղաքակրթության հետ կապված:
Օրինակ՝ Մելքիսեդեկն եղել է Սուրբ Գրքի ամենաառեղծվածային անձնավորությունը, ում մասին շատ քիչ տեղեկություններ կան: Բայց և՛ օտարազգի հեղինակները, և՛ մեր հնագույն պատմությունը հնէագիտության հետ միասին ապացուցում են Հայկ նահապետի և Մելքիսեդեկի նույն անձը լինելը: Այս մասին է գրել նաև Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Ապարանից խաչի պատմություն» ներբողում:
Ըստ Ձեր ուսումնասիրության՝ Հայաստան երկիրը ի՞նչ առաքելություն ունի Տիրոջ կողմից:
Իմանալու համար, թե ինչ առաքելություն ունի Հայոց երկիրը, մենք պետք է տեսնենք, թե ինչ է ունեցել նա նախկինում: Մենք գիտենք, որ այստեղ է արարվել Եդեմական Դրախտը, այստեղ էր արտադրախտային կյանքը, առաջին աստվածպաշտության վայրը, և Հայոց սուրբ հողն էր, որ ընդունեց առաջին սուրբ նահատակի՝ Աբելի արյունը: Մեր երկրում կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի Եկեղեցու խորհրդանիշը: Ջրհեղեղից հետո մարդկության հայրենիք Հայաստանից Նոյի սերունդն իջավ Բաբելոն և ցրվեց աշխարհով մեկ: Հայոց հողի վրա էր, որ կռապաշտության համար տեղ չգտնվեց, և պահպանվեց Աստծո հանդեպ սուրբ հավատը:
Այս երկրում էր, որ հնում եղավ առաջին համաշխարհային պատերազմը՝ բարու և չարի միջև, և այստեղ էր, որ հայոց բարեպաշտ նահապետ Հայկի կողմից արձակված նետից ընկավ առաջին նեռը՝ Նեբրովթ-Բելը: Մեր լեզուն եղել է և կա դրախտի լեզուն: Պատմությունը փաստում է, որ հայ ազգը մշտապես կարապետի՝ Տիրոջ ճանապարհը պատրաստողի, կարգավիճակում է եղել, Սբ. Հովհաննես Մկրտիչը՝ Կարապետը, ասել է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները» (Ղուկաս 3:4):
Առաքելությունը շատ մեծ է եղել և լինելու է մինչև վերջ: Հայ ազգն իր քրիստոնեական պատմության ընթացքում երեք մեծ անկում է ունեցել՝ 7-8-րդ դարեր, 15-17-րդ դարեր՝ երկդարյա խավար շրջան, երրորդը և վերջինը՝ 18-դ դարից առ այսօր: Ամեն մի անկմանը հաջորդել է արթնության շրջան և վերջինը լինելու է ամենահզորը:
Սբ. Սահակ Պարթևը, Վարդան Այգեկցին և Ղևոնդ Ալիշանը գրել են այդ մեծ արթնության մասին, դա և՛ մարգարեական է, և՛ տրամաբանական, որովհետև ինչ որ եղել է այստեղ ի սկզբանե, վերջում այստեղից էլ պետք է սկիզբ առնի:
Ըստ մարգարեության և տրամաբանության՝ Հայաստանը պետք է դառնա այն հզոր քրիստոնյա պետությունը, որ եղել է Սբ. Գրիգոր Լուսավորչի ժամանակ: Տիրոջ Երկրորդ Գալուստն էլ պետք է լինի Հայաստանից և այդ մասին ասել են Սբ. Գրիգոր Տաթևացին, Վանական վարդապետը, Սբ. Գրիգոր Աստվածաբանը:
Սա մարգարություն չէ, այլ Սուրբգրային ընկալում՝ Արևելքում Տերը ստեղծեց դրախտը, Արևելքից Նոյի ժողովուրդն իջավ Սենաար: Արևելք կոչվածը Սուրբգրային Արևելքն է և Տիրոջ Երկրորդ Գալստյան մասին Նոր Կտակարանում կարդում ենք.
«Մարդու Որդին գալու է կայծակի նման, որը երբ փայլատակի, պիտի լուսավորի ամբողջ երկնակամարը՝ արևելքից արևմուտք» (Մատթեոս 24:27): Դրախտի, Նոյի, առաջին քրիստոնյա պետության և Քրիստոսի Երկրորդ Գալստյան տարածքները նույնացվում են:
Մեր Տերն Իր խաչելությամբ և հարությամբ փրկության դուռը բացեց համայն աշխարհի համար, և եթե մենք այդ ուղիով չընթանաք, բուն նպատակ ունենալով փրկությունը, հավիտենական կյանքը, ապա այս բոլոր շնորհները մեզ համար որևէ արժեք չեն ունենա: Մեր վարդապետներից Եղիշեն ասել է, որ բարեխոսներ ունենք Աստծո առաջ, դրանք՝ Երկրի գետերն են և տապանը: Աստվածատուր այս շնորհները թող պատճառ դառնան, որ քրիստոնյան իր հավատի մեջ առավել զորանա, իսկ ովքեր հավատքից հեռու են, կարողանան տեսնել, թե ինչեր են իրենց տրված ու դեռ սպասվում, և գուցե իրենց համար բացվեն հավատքի դռները:
Կարինե Սուգիկյան
Մանրամասները` սկզնաղբյուր կայքում