Գալիս են Երևան, փոխում են իրենց ոճը. նորաձևության բլոգեր
Վերջին 2 տարիների ընթացքում հայ կանանց, աղջիկների ու տղաների ուշադրությունը նորաձևության նկատմամբ շատ է աճել: Նրանք սկսել են ավելի շատ հետևել նորաձևության վերջին տենդենցներին ու բրենդներին: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, միաժամանկ նշելով, որ նորաձևության հանդեպ ուշադրության ավելացումն այդքան էլ մասսայական չէ:
”Իրականում նորաձևությամբ հետաքրքրվողները մեր հասարակության այդքան էլ մեծ մասը չեն կազմում: Մեծ մասի համար նորաձևության վերջին միտումները նույնիսկ տարօրինակ են ու ծիծաղելի”,-ասաց Քաբաբյանը: Երբեմն Եվրոպայում տարածված տրենդները չեն ընդունվում հայ լայն հասարակության կողմից:
Նորաձևության բլոգերը կարծում է, որ նման մոտեցումները կարող են ազգային մենթալիտետի հետ կապված լինել: Սակայն, նրա ներկայացմամբ, կա նույնիսկ այնպիսի խումբ, որը ոչ միայն ակտիվորեն հետևում է վերջին միտումներին, այլև փորձում է տեղում ստեղծել դրանք, քանի որ, նորաձևության բլոգերի խոսքով, միջոցներն այնպիսին են, որ հաճախ այստեղ շատ ուշ են հասնում նորաձևության վերջին զգեստները: ”Ամեն դեպքում այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հետաքրրություն ունի նորաձևության նկատմամբ, քան 5-6 տարի առաջ էր”,-ընդգծեց Մարիաննա Քաբաբյանը:
Հարցին, թե արդյոք նորաձևության նկատմամբ տարբեր է շրջանների ու մայրաքաղաքի երիտասարդների վերաբերմունքը, նա պատասխանեց. ”Տարբերությունը շատ մեծ է մարզերում, ինչը կապում եմ սոցիալական վիճակի հետ”: Մարզերի այն երիտասարդներն, ովքեր սովորում են Երևանում, շատ շուտ ընկալում են տեղի տենդենցները` փոխելով իրենց ոճը: ”Արդեն երկրորդ կուրսի ուսանողը տարբերվում է, ինձ համար դա շատ ուրախալի է, որովհետև եթե Երևանում են ուշացնում այդ տենդենցները, մարզերում կարելի է պատկերացնել` ինչքան են ուշացնում”,-եզրափակեց նորաձևության բլոգերը: