Երկու շաբաթում պարտքն ավելացել է 581 միլիոնով. Արամ Մանուկյան
Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթ նվիրված էր ՀՀ արտաքին պարտքին: Ըստ պատգամավորի՝ երկրի արտաքին պարտքն արտացոլում է տվյալ պետության ղեկավարության ստեղծագործ կամ մսխող լինելը, իսկ մեր պետության պարտքի ցուցանիշները խոսում են այն մասին, որ մեր երկիրը ոչ թե ստեղծագործ է, այլ` գումարներ մսխող:
«2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում արտաքին պարտքը կազմում էր 1,6 միլիարդ, նայենք դինամիկային և կտեսնենք, որ 1,6 միլիարդից դարձել է 5,6 միլիարդ, միայն Հովիկ Աբրահամյանի օրոք պետական պարտքն ավելացել է 1,7 մլրդ-ով, իսկ երկու շաբաթում պարտքն ավելացավ 581 միլիոնով: Մեր պետական պարտքն ապրիլից այս կողմ ավելացել է 900 միլիոնով»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ թվերն ավելի սահմռկեցուցիչ կլինեին, եթե վերջերս հաստատված օրենքով ԿԲ-ի պարտքը չտարանջատվեր պետականից:
Մանուկյանի խոսքով՝ մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ 50 տոկոսի շեմին է, այն դեպքում երբ մի տարի առաջ ծրագիր էիք դրել այն իջեցնել 37-ի, սակայն այն հասել է 49-ի, այսինքն` 12 տոկոս մեր կառավարության ռազմավարական ծրագիրը սխալվել է: