Սերժ Սարգսյանի պաշտոնավորման բոլոր տարիներին հայը ուներ Արցախի Հանրապետություն․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անցնող յոթ տարիների մեջ հայի, ՀՀ քաղաքացու, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կյանքը բաժանվեց , մաս-մաս եղավ։ Եթե ՀՀ բոլոր նախկին նախագահների ժամանակ հայը ազատագրողն էր, հաղթողը, շենացնողը, վերականգնողը, հպարտություն ու արժանապատվություն ուներ,, եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավորման բոլոր տարիներին հայը ուներ Արցախի Հանրապետություն, ՀՀ-ի անսասան սահմաններ, տարածաշրջանում ամենամարտունակ բանակ, հպարտություն, դիվանագիտական հաջողություններ, ռազմավարական գործընկերներ, բարեկամներ , տարածաշրջանում՝ հարգանք ու պատիվ, ապա 2018-ը եկավ ու իր հետ բերեց մեծ աղետ, մի աննամուս ազգային պատուհաս եւ սկսվեց հայի կորուստների ժամանակը։
Նոյեմբերի 9-ի մասին կգրեն, կխոսեն, կվերլուծեն հիմա եւ հետո, եւ բոլոր այդ մտքերն ու վերլուծությունները ոչինչ չեն արժենա, եթե դա չարվի զուգահեռներով, համեմատելով, եթե չասվի, որ <նախկինների> ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ հայը հպարտ էր, հայը գլխահակ չէր, հայը ուներ Արցախ եւ ուներ Հայաստան, որի սահմանները անառիկ էին եւ հայը ուներ արժանապատվություն ու հաղթանակներ։
Հիմա, երբ անցել է չորս տարի, 2020-ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ <հայտարարությունից> հետո, երբ եղավ նաեւ 2021-ը, 2022-ը, եւ՝ 2023-ի սեպտեմբերը, կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, երբ թշնամին մխրճվեց ՀՀ սուվերեն տարածք հարյուրավոր կիլոմետրերով, երբ մենք բոլորս կանգնած ենք նորանոր աղետների եւ կորուստների առաջ, հարկ է սթափվել, հարկ է խելքի գալ, հարկ է ի վերջո գտնել <հայի վերջին խելքը>, այն մեկը, որից թշնամիները դարեր շարունակ, Տիգրան Մեծից ի վեր, սարսափել են, այն <վերջին խելքը>,որը 1988-ից հային դարձրեց գործոն տարածաշրջանում, որը ՀՀ առաջին նախագահի, ապա երկրորդ եւ երրորդ նախագահների համառ ջանքերի շնորհիվ հայն ու Հայաստանը դարձրեց հաղթող եւ հպարտ։
Զուգահեռները մեզ բերում-հասցնում են 2024 թիվ եւ, մենք ամոթով առերեսվում ենք այս ողբալի իրականությանը, երբ երկիրը դեռ զավթիչների խամաճիկների ձեռքին է, երբ նիկոլամանիան դեռ ամբողջովին չի մաքրվել , երբ դեռ կորուստների եւ մահերի, չավարտվող պատերազմի եւ անորոշ ապագայի մեջ ենք։
Այո, 2020-ի նոյեմբերի 9-ի ամոթը բոլորիս ճակատին է եւ դեռ չենք սրբել այդ ամոթը, ու, քանի դեռ չենք սրբել, քանի դեռ երկրում դեռ վխտում է թշնամու հեծանվորդը, մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մենք իրավունք չունենք մոռանալ այն ինչ եղավ, մենք իրավունք չունենք Արցախի մասին երգեր երգել, մենք, անգամ, իրավունք չունենք գնալ Եռաբլուր , քանի դեռ տղերքին ասելիք չունենք։
Եւ, կարեւորը՝ մենք իրավունք չունենք լացուկոծ անել, ողբալ։ Միակ բանը, որ պարտավոր ենք անել՝ խելքի գալն է, համախմբվելը, ընդդիմադիր դաշտում, բարեկամ-հարեւանի դաշտում իրար չուտելը, ի վերջո հասկանալ, որ նույն նավում ենք ու երբ թշնամին մտնի մեր տուն, բոլորիս արյունն է հոսելու նույն գետի մեջ։
Սթափվել, սթափվել,լրջանալ եւ գործել, ցանկացած գնով, ցանկացած ձեւով։ Հաղթել ու միայն հաղթել, ու, քանի դեռ չենք արել այս ամենը, խնդրում եմ՝ չճամարտակել, մեծ-մեծ չխոսել, առուն չթռած հոպ չասել, հերիք է, այլեւս, էդ ամեն ինչի քաշվածն ենք, արդեն չորս եւ ավելի տարի։
Գործել ու հաղթել։
Սա պետք է լինի մեր բոլորի անելիքը, բոլոր հայերինը՝ Հայաստանում եւ Սփյուռքում»։