24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վտանգավոր ահազանգ. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, և հրադադարի խախտումներն ու հատկապես խաղաղ բնակչության կորուստները մեծ մտահոգություն են առաջացնում: Ուորլիքը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծնախարարների հանդիպումը կնպաստի կայունության ամրապնդմանը: Նյու Յորքի հանդիպմանը նախորդել է շփման գծի, սահմանային լարվածության նոր փուլը:

Սակայն սրանից ավելի կարևոր է նախորդած մի դիվանագիտական գործընթաց՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով, որում, ըստ տարբեր արտահոսքերի, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ, այսպես ասած, սեպարատ համաձայնության խնդիրը, մասնավորապես՝ խոսվել է խաղաղապահների տեղակայման մասին, բնականաբար՝ ռուս խաղաղապահների:

Ըստ տարբեր սպասումների՝ այդ հարցը պետք է քննարկվեր նաև Մոսկվայում, որտեղ մզկիթի բացման առիթով ժամանել է Թուրքիայի նախագահը և հանդիպում է ունենալու Պուտինի հետ: Սպասվում էր, որ այնտեղ կժամանի նաև Իլհամ Ալիևը, սակայն Ալիևը չի մեկնել Մոսկվա: Սա նշանակում է, որ հավանաբար ռուս-թուրք-ադրբեջանական սեպարատ նախաձեռնությունը կիսատ է մնացել, և չի բացառվում, որ նրանք այդ խնդրին վերադառնան արդեն Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպումն, այսպես ասած, անցկացնելուց հետո, որն ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ նախաձեռնությամբ:

Այս իրավիճակում կարևոր ուշադրության է արժանի մի կարևոր դրվագ, որն ըստ էության ինքնին Հայաստանի համար էական ու խորքային խնդիր է: Սեպտեմբերի ընթացքում ծավալվում էին Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի բուռն քննարկումներ, իսկ Սերժ Սարգսյանն էլ ՀԱՊԿ-ի խաղաղապահների մասով անում էր բավական հարցեր առաջացնող հայտարարություններ: Այս ամենը Հայաստանի ներքաղաքական կյանքում, այսպես ասած՝ ներքաղաքական սուբյեկտների շրջանակում բացարձակ ուշադրության չարժանացավ: Այդ սուբյեկտների համար արտաքին կյանք կարծես թե գոյություն չուներ:

Ի՞նչ էր ասա՝ իշխանությունների հետ փոխհամաձայնեցված լռությո՞ւն, թե՞, ինչպես միշտ, լռություն՝ ռուսական սեպարատ նախաձեռնություններին չխանգարելու համար:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանի ներքին կյանքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցով են նաև պայմանավորված Հայաստանի արտաքին թույլ դիրքերը: Սակայն միաժամանակ անվիճելի է, որ չկա արտաքին ու ներքին քաղաքականության, այսպես ասած, առաջնային ու երկրորդական բաժանում: Քաղաքական ուժի համար կա քաղաքականություն, և ըստ տեղի ունեցող իրողությունների կարևորության էլ՝ այդ ուժը ուշադրության է արժանացնում և ներքին, և արտաքին հարցերը: Եվ եթե այն, ինչ տեղի էր ունենում այս օրերին արտաքին ուղղության վրա, Հայաստանի քաղաքական ուժերի համար ուշադրության և կոնցեպտուալ արձագանքի արժանի չէր, ապա ի՞նչն է այդ դեպքում արժանի ուշադրության այդ ոլորտում:

Այս հանգամանքը ի ցույց է դրել Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի համալիր ոչ ադեկվատությունը ընդհանրապես քաղաքական զարգացումներին, որոնք չեն կարող լինել ներքին ու արտաքին, ժամանակակից աշխարհում և հատկապես Հայաստանի պարագայում դրանք շաղկապված են և փոխադարձաբար հաղորդակցվող:

Հայաստանում այս օրերի ընթացքում ակնառու կերպով դրսևորվեց արտաքին քաղաքական հարթության մասով քաղաքական բազմազանության և բանավեճի բացակայությունը, վտանգավոր բացակայությունը, հասարակությանը առաջարկվող մոտեցումների, ուղղությունների, աշխարհաքաղաքական և արժեքային վեկտորների ընտրությանը վերաբերող առաջարկների բացակայությունը: Դա ազգային անվտանգության հարց է, որի առումով Հայաստանն արդեն իսկ զգացել և զգում է մի հարվածի հետևանքները՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:

Սեպտեմբերյան այս օրերը ցույց տվեցին, որ շատ մեծ է հավանականությունը, որ արտաքին քաղաքական հարցերում միագիծ քաղաքական դաշտի հետևանքների հաջորդ ուղղություն կարող է լինել Հայաստանի անվտանգության համար գերկարևոր ղարաբաղյան խնդիրը: Համենայնդեպս՝ սեպտեմբերն այս առումով բավական ուժգին ահազանգ էր:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ