Հասցեական պատժել պաշտոնյաներին . Ալիեւը կուլ չի տալիս Եվրախորհրդարանի ապտակը
Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի` Ադրբեջանի մասին բանաձեւը Բաքվում հիստերիկ ալիք է բարձրացրել: Ի պատասխան բանաձևի, Ադրբեջանի խորհրդարանն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ.
«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը վիրավորական է Ադրբեջանի համար: Դրա նպատակն է Ադրբեջանին վարկաբեկելը: 2014 թ. սեպտեմբերից, երբ իր աշխատանքները սկսեց Եվրախորհրդարանի նոր կազմը, Ադրբեջանի հետ համագործակցությունը չստացվեց: Խորհրդարանի նախագահի ոչ պաշտոնական ցուցումով արգելվել է պատգամավորների այցը Ադրբեջան»:
Հայտարարությունն ամփոփվել է պնդմամբ, թե Ադրբեջանը շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները և առաջնորդվել ժողովրդավարական սկզբունքներով:
«Թեեւ ընդունված բանաձեւում հղում են կատարում եվրոպական դատարանի ընդունած վճիռների չկատարմանը Բաքվի կողմից, սակայն մինչ այժմ չի բավարարվել «Չիրագովն ընդդեմ Հայաստանի » բողոքը, չնայած որ առկա է եվրոպական դատարանի որոշումը »,-ասված է զեկույցում:
Թեմային անդրադարձել է նաև Իլհամ Ալիևը, ով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ բանաձևը որակել է սադրանք և կեղծիք՝ հավելելով, որ իրենց հայտնի են բանաձեւի ընդունման թիկունքում կանգնած ուժերը:
Բաքվի հիստերիան սրանով չի սահմանափակվել: Պաշտոնական Բաքուն հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի աշխատանքներին:
Հիշեցնենք, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում հասցեական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների հետ: Բանաձեւին կողմ է քվեարկել 365 պատգամավորներից 202-ը: