Հունգարիայի նախագահին մեղադրել են գրագողության մեջ
Հունգարիայի նախագահ Փալ Շմիտի դոկտորական աշխատանքը արտագրված է բուլղարացի գիտնականի աշխատանքից: Այս եզրակացությանն է եկել “HGV” հունգարական ամսագիրը` համեմատելով Շմիտի եւ Օլիմպիական Միջազգային Կոմիտեի նախկին անդամ Նիկոլայ Գեորգիեւի աշխատանքները:
Խոսքը “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծություն” աշխատանքի մասին է, որը Շմիտը պաշտպանել է 1992-ին Հունգարիայի Ֆիզկուլտուրայի համալսարանում: Լրագրում նշվում է, որ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել:
Լրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխատանքը հիմնականում արտագրված է 1987-ին Լոզանում պաշտպանված, ֆրանսերենով գրված դիսերտացիայից ` “Օլիմպիական ծրագրի վերլուծություն” վերնագրով: Ֆրանսերենից հունգարերեն թարգմանելով` այն կազմել է Շմիտի դիսերտացիայի 215 էջերից 180-ը: Գրականության ցանկում Գեորգիեւի անունը նշված է, սակայն տեքստում նրա մասին ոչ մի հիշատակում չկա:
Նախագահի մամլո ծառայությունն արդեն արձագանք է տվել այս սկանդալային նորությանը` ասելով, թե դա անհիմն մեղադրանք է: